Գործադիրը մտադիր է վերափոխել քրեակատարողական հիմնարկների անվտանգության ու պահպանության ծառայությունները: Նոր հայեցակարգով, որը բխում է կառավարության 2021-26 թվականների ծրագրից, ըստ պատասխանատու կառույցի` երկու օղակը միավորվելու է մեկ ընդհանուր մոդելում՝ բացառելով կրկնվող գործառույթները, բարձրացնելով ծառայությանը որակն ու արդյունավետությունը:
Գարիկ Աբելյան (ՀՀ ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ) - Գաղափարը հետևյալն է, որ անվտանգության և պահպանության ծառայության աշխատակիցները պետք է միավորվեն մեկ՝ անվտանգության ապահովման համապատասխան ստորաբաժանումում, պետք է իրականացվի ոչ միայն նոր հաստիքային կադրերի համալրում, այլև արդեն իսկ համալրված կադրերի թե տեխնիկապես վերազինում, թե ընդհանուր վերապատրաստում, թե ուսուցման գործընթաց
Հանրային քննարկման փուլում գտնվող նախագծի նպատակը համակարգ նոր կադրերի ներգրավումն է, նրանց թիվը պետք է գերակշռի, նշում է Աբելյանը: Պատասխանատու վարչության պետը տեղեկացնում է՝ այժմ 1744 հաստիք ունեն, թիվը կաճի, որքան` դեռ չեն հստակեցնում: Դիմողները կանցնեն հարցազրույց, նաև բարեվարքության ստուգում, ապա՝ վերապատրաստում:
Գարիկ Աբելյան - Մրցույթից հետո արդեն իսկ հավանության արժանացած թեկնածուները կանցնեն մասնագիտական պատրաստում, ի տարբերություն ներկա կարգավորումների, երբ այն մեկ ամիս է, պատրաստումն իրականացվելու է երեք ամիս, և այդ մասնագիտական վերապատրաստման գործընթացը փորձելու ենք այնպես կազմակերպել, որպեսզի դրանում ներգրավվեն ոլորտի փորձառու մասնագետները, որպեսզի ոչ միայն գործնական գիտելիքներ հաղորդենք, այլ նաև շատ կարևոր է հատկապես դատապարտյալ- ՔԿՀ ծառայող կապի տեսանկյունից միջանձնային շփումների, հոգեբանական առումով կամ առհասարակ իրավական առումով գիտելիքների փոխանցումը:
Եռամսյա դասընթացներից հետո արդեն նոր աշխատակիցները 1 ամիս ստաժավորում կանցնեն քերակատարողականներում, գործընթացը կամփոփվի քննությամբ: Այն հաջողությամբ հանձնածները կնշանակվեն ծառայության: Նրանց, ըստ Աբելյանի, կտրվեն սոցիալական բարձր երաշխիքներ՝ գրեթե կրկանապատիկ աշխատավարձ այսօր գործողի համեմատ:
Գարիկ Աբելյան - Նման կերպ մենք մեր առաջ խնդիր ենք դրել զսպել բոլոր այն կոռուպցիոն ռիսկերը , որոնք որ կարող են առաջանալ քրեակատարողական հիմնարկում:
Նոր մոդելին անցումը կլինի փուլային, հին կադրերն էլ կվերապատրաստվեն, քննություն կտան, ըստ այդմ` կորոշվի` ով է շարունակում աշխատանքը, ով գնում ռեզերվ: Միջին աշխատավարձը, որն այսօր շուրջ 250 հազար է կազմում, կբարձրանա նաև նրանց համար, բայց ատեստավորման ճանապարհով: Նոր մոդելի ներդրմանը զուգահեռ` կլինի նաև համազգեստի ու տեխնիկական միջոցների համալրում:
Կառավարության հաստատման դեպքում, պիոլտային ծրագիրը նախատեսված է սկսել Սևան ՔԿՀ-ից, նախնական ժամկետը հուլիսի 1-ն է: Ամբողջական մոդելն էլ, ըստ ճանապարհային քարտեզի, բոլոր 10 քրեակատարողականներում կներդրվի մինչև 2028 թվականը: