ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հեռախոսազրույց են ունեցել: Անդրադարձ է եղել ուկրաինական զինված ուժերի հնարավոր հակահարձակմանը: Պետքարտուղարության տվյալով՝ կողմերը քննարկել են՝ ինչպես կարող են միջազգային գործընկերներն աջակցել Կիևին հաջողել մարտի դաշտում: Բլինքենն ընդգծել է՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը կենսական նշանակություն ունի Եվրոպայում խաղաղության և անվտանգության առումով:
Մինչ այդ թեժ մարտերը շարունակվում են, մասնավորապես՝ Բախմուտում: Ուկրաինայի Գլխավոր շտաբի տվյալով՝ երկրի զինված ուժերը Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններում հետ են մղել 47 հարձակում։ Ուկրաինական կողմը նաև հայտարարում է Բախմուտում առաջխաղացման մասին, Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ ռուսական ուժերը թույլ չեն տալիս ճեղքել պաշտպանությունը: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տվյալով, սակայն, իրավիճակը ռուսական կողմի համար զարգանում է վատագույն սցենարով:
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ 2,7 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՂԱՐԿԻ
Գերմանիայի կառավարությունը Ուկրաինայի համար 2,7 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության նոր փաթեթ է պատրաստում՝ հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը: Նախատեսվում է Կիև ուղարկել լրացուցիչ 20 Marder հետևակի մարտական մեքենա, 30 Leopard տանկ, 200 հետախուզական անօդաչու թռչող սարք, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զինամթերք։ Փաթեթում ներառված են նաև 18 հաուբից և 100 զրահամեքենա:
«Այսպիսով՝ մենք ցույց ենք տալիս, որ Գերմանիան լրջորեն է տրամադրված Ուկրաինային օգնելու հարցում»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Բորիս Պիստորիուսը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտնել էր, որ 2022 թվականի փետրվարից Բեռլինի՝ Ուկրաինային տրամադրած կամ նախատեսվող ռազմական և մարդասիրական աջակցության չափը հատում է 14 միլիարդ եվրոն։
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Շվեյցարիան նույնպես ընդլայնում է Ուկրաինային աջակցության շրջանակը: Երկրի խորհրդարանը քվեարկել է «Ռազմական տեխնիկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի օգտին, որը թույլ կտա սպառազինություն և ռազմական տեխնիկա մատակարարել Կիևին՝ գրում է Euronews-ը:
Մինչ այս Շվեյցարիան ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում չեզոքություն էր պահպանում: Օրենքով արգելվում էր Շվեյցարիայից զենք և զինամթերք փոխանցել երրորդ երկրներին, որոնց տարածքում ռազմական գործողություններ են տեղի ունենում։
ԲՐՅԱՆՍԿԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՍՈՒ-34 Է ԿՈՐԾԱՆՎԵԼ
Բրյանսկի շրջանում Սու-34 է կործանվել՝ հայտնում են Ռուսաստանի արտակարգ ծառայությունները։ Հաղորդագրության համաձայն՝ կործանիչն ընկել է ուկրաինական սահմանից ոչ հեռու, վթարի հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ Բրյանսկի շրջանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները զոհվել են։ Նախնական վարկածով՝ պատճառը շարժիչի անսարքությունն է: Լրատվամիջոցները գրում են, որ ռուսական կողմն այժմ փորձում է պարզել՝ ում է պատկանել ուղղաթիռը: Խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան։
Երեկ էլ Ղրիմում ուսումնական թռիչքի ժամանակ Մի-28 ռազմական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները նույնպես մահացել են: Որպես կործանման պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒԻՆ
Թուրքիայում մայիսի 14-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի արտգործնախարարը դատապարտել է Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունն այն մասին, որ ընտրություններում հաղթանակի դեպքում իր թիմը կմիանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին և առաջնահերթությունը կտա արևմտյան երկրների և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը:
Մևլութ Չավուշօղլուն պնդել է՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն, անկասկած, չեն փոխհատուցի Թուրքիայի կորուստները, եթե Քըլըչդարօղլուի հայտարարությունների ֆոնին Ռուսաստանից Հանրապետություն զբոսաշրջային հոսքը պակասի:
«Մայիսին ռուս զբոսաշրջիկները պետք է գային Թուրքիա, բայց մեկնեցին Դուբայ, Թաիլանդ, Եգիպտոս։ Եվ դա Քըլըչդարօղլուի հայտարարությունների պատճառով։ Նրանք վախեցել են, որ կարող են տուժել հակառուսական պատժամիջոցների պատճառով», - ասել է թուրք դիվանագետը:
«Մենք բոլոր ոլորտներում սերտորեն գործակցում ենք Ռուսաստանի հետ՝ չնայած պատերազմին և ուկրաինական զորքերի կողմից մեր անօդաչու թռչող սարքերի օգտագործմանը: Սա դիվանագիտություն է»,- նշել է Չավուշօղլուն։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան նաև մեծ քանակությամբ բնական գազ է գնում Ռուսաստանից։
Թուրքիայի գլխավոր դիվանագետը նաև կասկածի տակ է դրել Քըլըչդարօղլուի պնդումները, թե Մոսկվան միջամտում է Հանրապետությունում նախագահական ընտրություններին: Չավուշօղլուն ընդդիմություննից ապացույցներ է պահանջել: