Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում փետրվարից գործարկվել է հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգ: Հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանի խոսքով՝ համակարգում տեղի են ունեցել էական փոփոխություններ ինչպես հայտարարատուների համար, այնպես էլ հանձնաժողովի վերահսկողության, հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման տեսանկյունից: Համակարգի որոշ գործառույթներ դեռևս գործարկման փուլում են, դրանք շարունակական կբարելավվեն՝ ըստ Հակոբյանի՝ գործընթացն առավել դյուրին դարձնելու համար:
Կարեն Հակոբյան (ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ) - Հայտարարագրերը բաժանված են հիմնական բաժիններով՝ անձնական տվյալներ, գույքի հայտարարագիր, եկամուտների, ծախսերի, շահերի հայտարարագրեր բաժիններ: Հեշտացված գործընթացը հայտարարատուների համար ինքնուրույն գաղտնաբառ սահմանելու և մոռացվածը վերականգնելու հնարավորությունն է, որը չկար:
2023-ի ապրիլի 1-ի դրությամբ մոտ 800 հայտարարատու արդեն լրացրել է հայտարարագիրը: Էլեկտրոնային նոր համակարգը շարունակում է ընդունել նաև 2023-ի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրեր: Նախորդ տարեկան հայտարարագրերի տվյալները տարեվերջին ինքնաշխատ եղանակով փոխանցվում ու արտացոլվում են հաջորդ տարեսկզբի տվյալներում: Հայտարարագիրը լրացնելիս անձը հնարավորություն ունի միաժամանակ դիմել հանձնաժողովին օգնություն բաժնի միջոցով:
Կարեն Հակոբյան - Սա մի մասով առավել հեշտացնում է գործընթացը հայտարարատուների համար, քանի որ ստիպված էին լինում տեղափոխել մի հայտարարագիրը մյուս հայտարարագիր: Մյուս մասով արդեն գոհունակություն հայտնող հայտարարատուներ ունենք, որոնք լուծել են նախկին հայտարարագրում սխալ ներկայացված հայտարարագրերի հնարավորությունը: Հայտնաբերելով տվյալը, որը հաստատման, խմբագրման ենթակա է հայտարարատուի կողմից, թույլ է տալիս վերադառնալ նախորդ հայտարարագիր, ուղղել սխալը:
Այստեղ վստահ են, որ թվային տեխնոլոգիաների ներդրումն ավելի արդյունավետ կդարձնի կոռուպցիայի կանխարգելումը: Փոխգործելիության ապահովման միջոցով հնարավորություն է ստեղծվել անձնական տվյալները բեռնել բնակչության պետռեգիստրում առկա տվյալներից, ինչպես նաև հայտարարատուի գրանցած եկամուտները՝ ՊԵԿ շտեմարանից:
Կարեն Հակոբյան - Առաջիկայում նախատեսում են կադաստրի կոմիտեից և ճանապարհային ոստիկությունից տեղեկությունների փոխգործելության ապահովումը հայտարարագրերում: Այսինքն՝ ինչ-որ կետում ունենալու ենք մեծապես լրացված հայտարարգրեր, որոնցում առկա տվյալները պետք է հաստատվեն հայտարարտուի կողմից կամ խմբագրվեն: Հիմնական դժվարությունը, որին բախվել ենք, տարբեր շտեմարանների տվյալների որակն է: Դժվարացել է դրանք ինտեգրելու նոր համակարգը:
Արդեն տասը տարի գործող համակարգը դժվար էր աշխատում, տեխնիկապես թույլ էր: Նոր էլհամակարգը գրեթե բացառում է տեխնիկական թերություննները: Հայաստանում հայտարարատու է մոտ 25 հազար անձ, 6 հազարը պաշտոնյա է: 2022-ի տարեկան հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը 2023-ի մայիսի 31-ն է: