Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցությունը հիմնադրման 38-ամյակի երեկոն նվիրեց Արցախին։ Կազմակերպվել էր հանգանակություն, որի հասույթով բժշկական առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք կգնեն շրջափակված Արցախի համար։
Վիգեն Սեփիլյան (Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցության հիմնադիր, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ) - Մենք բոլորս որ Սփյուռքում հանգիստ և հաջող կյանք ենք ապրում, մեր եղբայրները Արցախում զրկված են ամենապարզ մարդկային իրավունքներից։ Մեր նպատակը՝ անել ինչ կարող ենք, որ այդ պարզ մարդկային իրավունքներին հասնենք։
Երեկոյի ընթացքում Հայ-ամերիկյան ընկերակցությունը մեծարեց երկու ամերիկահայ բժշկի, որոնք իրենց մասնագիտական հաջողությունները ծառայեցնում են Հայրենիքին օգնելու նպատակին։ Արմանդ Դորյանը ղեկավարում է USC Verdugo Hills բժշկական մեծ կենտրոնը։ Համայնքը նրան գիտի նաև Հայրենիքին օգնության ծրագրերում ակտիվ մասնակցությամբ։ Ասում են՝ Արցախի ժողովրդի կողքին է եղել՝ անկախության առաջին օրից։ Մեծ աջակցություն է ցուցաբերել հատկապես համավարակի և 44-օրյա պատերազմի օրերին։
Արմանդ Դորյան (բժիշկ) - Եթե մենք չենք օգնելու, ով է օգնելու, մենք ամեն օր գործի ենք գնում, որ մարդ օգնենք։ ․․.մենք մեզ պիտի ոգևորենք, որ հյուսը չկտրենք։ Իմ աղջկա անունը Հույս եմ դրել, որովհետև իմ հույսը երբեք չեմ կտրել։ Եվ նման առիթներով մեր հույսը պիտի վառ պահենք։
Ջորջ Մելիքյանը նույնպես հայտնի բժիշկ է, փորձառու վարակաբան։ Համավարակի օրերին շատ է օգնել հայաստանցի գործընկերներին մասնագիտական խորհրդատվությամբ։ Վերջին տարիներին մի քանի անգամ նաև այցելել է Հայաստան՝ օգնելու քովիդից տառապող ծանր հիվանդներին, իսկ 44-օրյա պատերազմի օրերին բուժել է զինծառայողների։
Ջորջ Մելիքյան (բժիշկ) - Մենք ամենքս պիտի միասին աշխատենք, պահենք Հայրենիքը և օգնենք Հայրենիքին: Մայն դա ունենք, մեր հայրենիքին ու մեր հայությունը։ Կարևոր է, որ իբրև ժողովուրդ միանանք, միահամուռ աշխատենք, քանի որ դժվար օրերը դեռ դիմացն են։
Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցությունը Հայկական բժշկական միջազգային կոմիտեի մաս է կազմում, որը միավորում է Սփյուռքի հայկական բժշկական 25 կազմակերպություն՝ մի քանի հազար անդամով՝ Նյու Յորքից մինչև Մոսկվա ու Բեյրութ։
Ռոբերտ Ավետիսյան (ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ) - Տեսնում ենք տարբեր ազդակներ և տարբեր քննարկումներ Արցախի, ապագայի մասին, շարունակական դերակատարության մասին Արցախի կյանքում։ Նման միջոցառումները հաստատում են, որ Սփյուռքը շարունակում է մնալ Արցախի մոտ, չհավատալ, որ Արցախը կարող է հայաթափվի, և ամեն ինչ անել, որ արցախցիներն այդ ուժն իրենց մեջ լիցքավորեն և շարունակեն դիմադրությունը բոլոր խոչընդոտներին ու մարտահրավերներին։
Ամերիկահայ բժիշկներն Արցախի առողջապահության նախարարության հետ քննարկել են բժշկական առաջնահերթությունները։ Հայաստանում չճարվող դեղորայքը կգնեն արտերկրից։ Դեղորայքը կփորձեն Արցախ հասցնել Կարմիր խաչի և խաղաղապահների միջոցով։ Դրամահավաքի ընթացքում ընկերակցությունը հավաքվել է ավելի քան 250 հազար դոլար։