«Երևան պարկին» հարակից 150-170 հա տարածքում նախատեսվում է հիմնադրել նոր կենդանաբանական այգի՝ անտառային կանաչ գոտով: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստերից մեկի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ Երևանի կենդանաբանական այգու պայմանները բավարար չեն:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Ունենք անտառտնկման, կանաչապատման և այգին տեղափոխելու, նոր ֆորմատով կենդանիներին ավելի լավ պայմաններում, ավելի բաց պայմաններում պահելու մեծ ծրագիր:
Իսկ արդյոք այսօր կա՞ անհրաժեշտություն կենդանաբանական այգին տեղափոխելու՝ հետաքրքրվեցինք Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատարից: Աշոտ Ասլանյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում էլ քաղաքի ընդլայնման հետևանքով կարող է այգու տեղափոխման խնդիր առաջանալ: Կենդանաբանական այգու տնօրենը օրինակ է բերում Բեռլինը, Մոսկվան, Պրահան:
Աշոտ Ասլանյան (Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար) - Հին պատմություն ունեցող կենդանաբանական այգին պահպանվում է, գործում է որպես գիտական, գիտակրթական, ճանաչողական կենտրոն, իսկ քաղաքին կից հատկացվում են խոշոր տարածքներ, որտեղ պահվում են այն կենդանիները, որոնք պահանջում են մեծ տարածքներ: Նմանատիպ լուծումներ աշխարհում կան. բավականին հաջող մոդելներ են: Ես կառաջարկեմ նմանատիպ մոդել կիրառել նաև Հայաստանի համար, քանի որ մեր այգին շատ լավ տեղավորվում է հիշյալ մոդելի մեջ:
Ասլանյանի խոսքով՝ այգին ունի նաև կառավարման խորհուրդ, բայց տեղափոխման հարցն այնտեղ չի քննարկվել: Երբ հարցը հասնի խորհուրդ՝ կներկայացնեն իրենց մոտեցումները՝ արդյոք անհրաժեշտ է ահռելի ծախսերով այգու տեղափոխում, թե ներդրում՝ գործող կենդանաբանականի պայմանները բարելավելու համար: Ինչ վերաբերում է գործող կենդանաբանական այգու պայմաններին, տնօրենի պաշտոնակատարը նշում է՝ այգու տարածքը 35 հեկտարից մի փոքր ավելի է, կենդանիները 25 հեկտարն են զբաղեցնում, այսինքն՝ այս պահին դեռ կա այգին զարգացնելու, կենդանիների համար համապատասխան պայմաններ ապահովելու հնարավորություն:
Աշոտ Ասլանյան - Պետությունը, քաղաքապետարանը, Բնապահպանության նախարարությունը վերջին տարիներին բավականին լավ ուշադրություն է դարձրել, այդ թվում՝ ֆինասնական, այդ տեսակետից այգին գլոբալ խնդիրներ չունի:
Երևանի կենդանաբանական այգին կառուցվել է 1950 թվականին։ Այսօր կենդանատեսակները 148-ն է, գլխաքանակը 726: