ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ Է
Թուրքիայում նախագահի և խորհրդարանի ընտրությունները կկայանան արդեն վաղը: Մի քանի ժամից երկրում լռության օր կհայտարարվի: Մինչ այդ թեկնածուները հանդիպում են քաղաքացիների հետ, հանդես գալիս հայտարարություններով: Նախատեսվում է, որ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը քարոզարշավը կշարունակի Ստամբուլում, իսկ նրա գլխավոր մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ Անկարայում:
Նախագահի պաշտոնի համար պայքարում է նաև ազգայնական «Աթա» կուսակցության թեկնածու Սինան Օղանը: «Հայրենիք» կուսակցության ղեկավար Մուհարեմ Ինջեն ավելի վաղ հայտարարել է, որ լքում է մրցավազքը։
ԷՐԴՈՂԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ընտրություններին ընդառաջ՝ CNN Turk-ի հետ հարցազրույցում Էրդողանը մեկնաբանել է Քըլըչդարօղլուի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը միջամտում է Թուրքիայում նախագահական ընտրություններին և կեղծ տեղեկություններ տարածում թեկնածուների մասին: Երկրի գործող նախագահը զգուշացրել է՝ թույլ չի տա ընդդիմությանը հարձակվել Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի վրա:
«Անկարայի հարաբերությունները Մոսկվայի հետ շատ ավելի լավն են և ոչ պակաս կարևոր, քան ԱՄՆ-ի հետ: Պարոն Քեմալը նաև ասում է, որ կմիանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին: Ո՞վ եք դուք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեք»,- ընդգծել է Էրդողանը:
Նա անդրադարձել է նաև Քըլըչդարօղլուի այն հայտարարությանը, որ ընտրվելու դեպքում իր թիմը կյանքի է կոչելու Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծը, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը։ Քըլըչդարօղլուն ներկայացրել էր նաև նախագծի իրագործման քարտեզը, որի համաձայն նախատեսված ճանապարհը չի անցնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով», շրջանցում է Ադրբեջանը և անցնում է Իրանով:
Էրդողանը մտահոգություն է հայտնել՝ Քըլըչդարօղլուն ուզում է խայտառակել Թուրքիային՝ անտեսելով Ադրբեջանը: Նրա խոսքով՝ թուրք ժողովուրդը չի ընդունի որևէ նախագիծ, որը կարող է վնասել Բաքվի և Անկարայի եղբայրությանը։
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻԱԿ ՀԱՂԹՈՂԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ. ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒ
Քըլըչդարօղլուն էլ Էրդողանին է դիմել Fox հեռուստաընկերության եթերից: «Ուզում եմ ասել Էրդողանին՝ մենք գնում ենք ընտրությունների, ոչ թե պատերազմի։ Ընտրություններում միակ հաղթողը պետք է լինի Թուրքիան: Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը կատարում են իրենց պարտականությունները հանուն ժողովրդավարության։ Մենք բոլորս մի երկրում ենք ապրում ենք»,- ասել է թուրքական ընդդիմության առաջնորդը:
Նա նաև հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն մեկ փուլով: Քըլըչդարօղլուն կոչ է արել թուրք ժողովրդին ճիշտ ընտրություն կատարել: «Սրանք սովորական ընտրություններ չեն. վաղը կա՛մ ժողովրդավարություն ենք ընտրելու, կա՛մ այն պատմության աղբանոցն ենք նետելու»,- ասել է քաղաքական գործիչը։
Քըլըչդարօղլուի հարցազրույցը տևել է 1.5 ժամ: Այնուհետև հաղորդավարը հայտարարել է, որ այն կշարունակվի գովազդային ընդմիջումից հետո: Սակայն հարցազրույցն այևս չի հեռարձակվել: Պատճառները չեն նշվում:
G7-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԿԻԵՎԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Մեծ յոթյակի երկրները մտադիր են պայքարել հակառուսական պատժամիջոցները շրջանցելու Մոսկվայի բոլոր փորձերի դեմ, ինչպես նաև պատրաստվում են աջակցել Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է՝ ասված է Ճապոնիայում կայացած G7-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ։
«Կշարունակենք զարգացնել համակարգումը՝ մշտադիտարկելու Ռուսաստանի և այլ երկրների միջև անդրսահմանային գործարքները: Իսկ ռուսական ակտիվները սառեցված կմնան մինչև ուկրաինական հակամարտության կարգավորումը»,- նշվում է փաստաթղթում։
Հայտարարության համաձայն՝ Յոթի խումբը պարտավորվել է ավելացնել Կիևին տնտեսական աջակցությունը. 2023 թվականից մինչև 2024 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում այդ թիվը կհասնի 44 միլիարդ դոլարի:
Ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները նաև համոզմունք են հայտնել, որ համաշխարհային տնտեսությանը հաջողվել է դիմակայել համաշխարհային վերջին ճգնաժամերին, այդ թվում՝ կորոնավիրուսին և ռուս-ուկրաինական պատերազմին:
ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԳԱԶԱՅԻ ՄԻՋԵՎ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ Է
Իսրայելական բանակը վաղ առավոտյան շարունակել է հարվածները Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման թիրախներին՝ ի պատասխան Գազայից հրեական պետության դեմ երեկվա հրթիռային հարձակման՝ հայտնում է երկրի բանակի մամուլի ծառայությունը։ Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ ևս հրթիռներ են արձակվել: Այսօր փոխադարձ հրթիռակոծության 5-րդ օրն է: Եգիպտոսը փորձում է միջնորդի դեր խաղալ հրադադարի հաստատման հարցում, սակայն դեռ ապարդյուն:
Լրատվամիջոցները գրում են, որ այս շաբաթ Իսրայելի ուղղությամբ Գազայից արձակվել է շուրջ 1000 հրթիռ, ի պատասխան՝ իսրայելական բանակը խոցել է անկլավում «Իսլամական ջիհադ» խմբավորման ավելի քան 20 թիրախ։ Հաղորդվում է երկու կողմի զոհերի և վիրավորների մասին, տուժել են նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:
Իսրայելում լարվածության ֆոնին հետաձգվել են Թել Ավիվում հունվարից շարունակվող հակակառավարական ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը և նրա առաջարկած դատաիրավական փոփոխությունների չեղարկումը: