Դեմ դիմաց նստած են հոգեբույժն ու գործով վկան: Մասնագետը տալու է նախաքննությանն անհրաժեշտ հարցերի պատասխանները: Դատահոգեբուժական փորձաքննությունները քրեական ու քաղաքացիական շատ գործերի անբաժան մասն են դարձել: Որպեսզի ամբողջ հանրապետությունում այս գործառույթն ընդամենը մեկ կենտրոն չիրականացնի, Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում նոր սենյակ է բացվել՝ դատահոգեբուժական:
Վահե Բաբայանը կենտրոնի նոր հոգեբույժն է, մասնագիտական հարուստ փորձը ցույց է տալիս՝ տարեցտարի նման փորձաքննությունների կարիքն ավելանում է: Բժիշկը վստահ է՝ նոր ծառայությունը թույլ կտա բարձրացնել ամբուլատոր փորձաքննությունների որակն ու խնայել ժամանակ:
Վահե Բաբայան (ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոնի հոգեբույժ) - Մեր նպատակը՝ որ թեթևացնենք, համ ավելի որակով անենք. երբ պակաս քանակով ենք անում, հա՛մ որակն ա լավանում, հա՛մ ժամկետներն են պահպանվում:
Փորձագիտական կենտրոն հիմնականում քրեական գործերով են գալիս դատահոգեբույժի մոտ՝ նշում է Բաբայանը, սակայն համապատասխան վճարի դիմաց կարող են նաև քաղաքացիական գործով անհրաժեշտ եզրակացություն տալ հայցվորներին: Դրանք հիմնականում անձի գործունակությունը որոշելու նպատակով են, ծնողական իրավունքների սահմանափակման հարցերով, նաև հետմահու, օրինակ՝ գործարքների վավեր լինել-չլինելը փաստող:
Վահե Բաբայան - Եթե անձը տառապել է հոգեկան հիվանդությամբ ու կենդանության օրոք որևէ գործարք է կատարել, մահվանից հետո հարազատները կարող են էդ գործարքը վիճարկել, պնդել, որ մարդը չի գիտակցել՝ ինչ է ստորագրում և, հնարավորինս վերականգնելով ըստ բուժփաստաթղթերի հնարավոր է լինելու պատասխանել հետմահու՝ էդ պահին անձը գիտակցե՞լ է իր գործողություները, թե՞ ոչ:
Մասնագիտական գաղտնիքները Բաբայանը չի բացահայտում, բայց վստահեցնում է՝ արագ են բացահայտում նրանց, ովքեր փորձում են կեղծել հոգեկան հիվանդությունը, ձևանալ: Նման դեպքերը չեն գերազանցում 10 տոկոսը: Մասնագետն ասում է՝ հիմնականում այդ քայլին են դիմում քրեական ենթամշակույթին հարողները:
Վահե Բաբայան - Այդ մարդիկ քանի որ չեն պատկերացնում հոգեկան հիվանդությունը, ոչ այնքան ճիշտ են հոգեկան հիվանդություն խաղում, ու շատ հեշտ հնարավոր է լինում պարզել նրանց ներկայացրած գանգատների, նրանց վարքագծի շինծու բնույթը:
Քրեական գործերով էլ, նրա խոսքով, մեծ մասամբ անձի մեղսունակությունը որոշող փորձաքննություններ են կատարում, ասում է՝ առավել տպավորող են ծանր հանցագործության դեպքերը: Իր փորձից ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը հիշեց, որին, 7-8 հոգեբույժով, Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության համար մեղսունակ ճանաչեցին: Զրույցից հետո բժշկին հերթական փորձաքննությունն էր սպասվում՝ Նուբարաշենի հոգեբուժարանում այցելելու էին ծեծի գործով մեղադրյալի: