Թուրքիան պատրաստվում է մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որին ընդառաջ երկրում քաղաքական մթնոլորտը բավական լարվել է։ Ավելի քան քսան տարի Թուրքիան կառավարող Ռեջեփ Թայիփ Էրդողանի շուրջ համախմբված դաշինքի հաղթանակը երաշխավորված չէ։ Թուրքիայում վերջին տասնամյակների ամենամրցակցային ընտրություններն են, և անգամ այսօր՝ ընտրություններից մեկ օր առաջ, հստակ չէ, թե ով կհաղթի։
Ձախ հայացքների տեր բժիշկ Նազմի Ալգանը, որը երկար տարիներ Թուրք բժիշկների ասոցիացիայի ակտիվ անդամ և քաղաքական ակտիվիստ է, առաջիկա տարիներին մեծ փոփոխություններ չի ակնկալում։
Նազմի Ալգան (բժիշկ, Թուրք բժիշկների ասոցիացիայի անդամ) - Շատ բան չի փոխվի։ Բրազիլիայի նախագահ Լուլուն ընտրությունների ժամանակ նշել էր, որ նախ պետք է դժոխքի դարպասները պոկել, որպեսզի կարողանաք մտածել դրախտի դարպասները բացելու մասին։ Թուրքիայի իրավիճակին եմ նմանեցնում։ Քսանմեկ տարի հետադիմական, ազգայնական կուսակցության հետ կոալիցիա կազմած և վերջին տարիներին «ֆաշիստացած» այս իշխանությունը պետք է հեռանա, որ Թուրքիայում կարողանանք շունչ քաշել։ Փոփոխությունն անհրաժեշտություն է։
Ալգանը չի բացառում, որ Էրդողանի գլխավորած դաշինքը խորհրդարանում մեծամասնություն կունենա։ Նա խնդիր է համարում նաև այն, որ ընդդիմադիր դաշինքում բացի Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարած ժողովրդահանրապետական կուսակցությունից՝ ներգրավված մյուս կուսակցությունները ավանդական աջ կուսակցություններ են։
Նազմի Ալգան - Իշխանափոխության դեպքում Թուրքիան կշարունակի իր ավանդական արտաքին քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Քըլըչդարօղլուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սահմանի բացման հարցում առավել դրական մոտեցում կցուցաբերի։ Համերաշխ գոյակցման, սահմանների բացման հավանականության մասին խոսելիս նաև մեջբերում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը մեծ խոչընդոտ է։
«Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը ընդդիմադիր դաշինքի հաղթանակի դեպքում հայ-թուրքական հարաբերություններում մեծ առաջընթաց չի կանխատեսում։ Ըստ Տանձիկյանի՝ ներկայիս քաղաքական իշխանություններին ավելի հեշտ է հայերի հետ կապված դրական քայլեր ձեռնարկել:
Էդվարդ Տանձիկյան («Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) - Էրդողանն ազգայնական և իսլամական առաջնորդ է, և հայկական ու քրդական հարցերի հետ կապված նրան ավելի հեշտ է քայլեր ձեռնարկել։ Չեմ կարծում, որ Քըլըչդարօղլուն իշխանության գալու դեպքում այս խնդիրների շուրջ դրական քայլեր կանի։ Քանի որ հայկական և քրդական հարցերի դեպքում կփորձեն խուսափել ազգայնական և իսլամական զանգվածների քննադատությունից։
Ըստ Տանձիկյանի՝ ընտրությունների համատեքստում Թուրքիայի փոքրամասնությունների հետ կապված կանխատեսումները հեշտ չեն։
Էդվարդ Տանձիկյան - Քսան տարի է՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանության է։ Այս քսան տարիների ընթացքում և՛ դրական, և՛ բացասական զարգացումներ են եղել։ Դրականներից էր այն, որ վաղ շրջանում փոքրամասնական հիմնադրամներից բռնագրավված ունեցվածքի մի մասը վերադարձվեց։ Մյուս կողմից՝ ԱԶԿ-ն, հատկապես վերջին տարիներին, ազգայնական և իսլամական ուղղություն է բռնել։ Այս հանգամանքի հետ կապված՝ ազգային փոքրամասնությունների շրջանում, անշուշտ, անհանգստություն կա:
Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում մի քանի կուսակցության կողմից առաջադրվել են նաև հայ թեկածուներ։ Նրանցից առավել բարձր են գնահատվում «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Սևան Սըվաջըօղլուի ընտրվելու շանսերը։
Էդվարդ Տանձիկյան - 1960 թվականից մինչև 2015-ը Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավոր չենք ունեցել: 2015-ին հույս կար, որ Թուրքիան ավելի ժողովրդավար երկիր կդառնա։ Այս շրջանում խորհրդարանում երեք հայ պատգամավոր կար։ Հանրապետության պատմության ընթացքում դա աննախադեպ երևույթ էր։
Ընդդիմադիր Քրդամետ ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունն այս ընտրություններում Կարո Փայլանի թեկնածությունը չի առաջադրել։ Այդ ուժի կողմից առաջադրված այլ հայազգի թեկնածու ևս չկա։ Ըստ Տանձիկյանի՝ այս հանգամանքը հայ համայնքում հիասթափություն է առաջացրել։
Հեղինակ՝ Վարդուհի Բալյան