Սոթքի ոսկու հանքավայրի բաց տարածքում աշխատանքները մոտ մեկ ամսից կավարտվեն, պաշարները սպառվում են՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը: Հովհաննես Հարությունյանը հավելեց, որ բաց հանքում աշխատանքը պետք է ավարտեին դեռ անցյալ տարի աշնանը, սակայն Կառավարության բանակցություններից հետո որոշվեց երկարաձգել: Արդեն ամռանը հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ստիպված կլինի աշխատակիցներ կրճատել:
Հովհաննես Հարությունյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Լիազոր մարմնի կամ Կառավարության աշխատանքի արդյունքում 5-6 ամսով երկարաձգվել է այն ժամկետը, որ այդ աշխատողներն աշխատավարձ ստանան և այս պահին էլ շարունակում են ստանալ, թեկուզև հարկադիր պարապուրդի չափով:
Անդրադառնալով Սոթքի հատվածում հակառակորդի սադրանքներին՝ փոխնախարարն արձանագրեց՝ հրաձգությունները խաթարում են բաց հանքի բնականոն գործունեությունը, սակայն տնտեսվարողը հավաստիացրել է, որ փակ եղանակով աշխատանքներին դրանք չեն խանգարի:
ԱՐԱՔՍԻՑ ԱՎԱԶԻ ԱՊՕՐԻՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԿԱՆԽՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Հանձնաժողովի օրակարգային հարցը Հայաստանը և Թուրքիան սահմանազատող Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանումը կանխելու նոր մեխանիզմների ներդրումն էր: Ընդերքի մասին օրենսգրքում լրացումները խորհրդարանում առաջին ընթերցմամբ հաստատվել են մինչև երկրորդ ընթերցումը, գործադիրը 6 առաջարկություն է ներկայացրել: Եթե նախնական տարբերակով առաջարկվում էր միայն գետերից արդյունահանում իրականացնող տեխնիկայի վրա GPS համակարգ տեղադրել, ապա նոր լրացումներով պահանջը խստացվել է:
Հովհաննես Հարությունյան - Հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցների GPS համակարգով կահավորված լինելու պահանջը տարածել բոլոր տեսակի օգտակար հանածոների հանքավայրում արդյունահանման աշխատանքների իրականացման վրա:
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Չստացվի, թե մենք օրենքով աշխատող, լիցենզավորված ընկերությունների նկատմամբ պահանջն ավելի ենք խստացնում, մյուս կողմից՝ այն ընկերությունները, որոնք ոչ լիցենզավորված են, ոչ որևէ տեղ երևում են, ոչ հարկ են վճարում, ինչի օրինակները տեսել ենք, թե ինչ ծավալի ստվերային արդյունահանում են իրականացնում, մնալու են ստվերում:
Գետի հունի փոփոխությունը կանխարգելող արգելապատնեշների կառուցման և վերակառուցման, ավազի արդյունահանման հետ կապված խնդիրները կարգավորող այս նախագծով՝ տնտեսվարողների խախտումները հայտանաբերելուց հետո լիազոր մարմինը նույն պահին իրավունք ունի կասեցնելու աշխատանքը: Եթե տնտեսվարողները չհետևեն օրենքին, կարող են զրկվել ընդերքօգտագործման իրավունքից: Առաջինից երկրորդ ընթերցում բազմապատկվել է նաև տուգանքների չափը:
Հովհաննես Հարությունյան - Վարչական պատասխանատվության առավել բարձր սահմանաչափ՝ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, նույն իրավախախտումը կրկնելու դեպքում՝ իրավունքի դադարեցում:
Կառավարությունն առաջարկում է գետերի արգելապատնեշներ կառուցելու համար ընդերքի օգտագործման մեկանգամյա իրավունք սահմանել, միևնույն ժամանակ արգելել սահմանային գետի հունից ավազի արդյունահանումը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը շեշտեց՝ նախագծի նպատակը պարզ է, բայց կան խնդրահարույց հարցեր, առաջարկեց նախագծին՝ առանց վերջին փոփոխությունների, դրական եզրակացություն տալ, սակայն լիագումար նիստում մերժել այն՝ քննարկումների համար ժամանակ շահելու նպատակով:
Հեղինակ՝ Անի Օհանյան