Սարսանգի ջրամբարն օրեցօր մոտենում է կրիտիկական վիճակին: Ադրբեջանի պարտադրած պայմաններում, երբ հունվարի 9-ից Բերձոր-Աղավնո հատվածում չի գործում Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագիծը, արցախցիները ստիպված են էլեկտրաէներգիայի սեփական պահանջարկն ապահովել այս ջրամբարի հնարավորությամբ, ինչի հետևանքով Սարսանգի ջրամբարում երբեք այսքան քիչ ջուր չի եղել:
Սարսանգի ջրային պաշարները հասել են մոտ 88 միլիոն խորանարդ մետրի, ինչը կազմում է ընդհանուր ջրատարողունակության 15 տոկոսը, այսքանից 70 միլիոն խորանարդ մետրը համարվում է մեռյալ ծավալ, որը ենթակա չէ օգտագործման:
Գրիգոր Գրիգորյան (Սարսանգ ՀԷԿ-ի պետ) - 2023 թվականի հունվարի 9-ին մեր ջրամբարի ջրի մակարդակը եղել է 704,80 նիշը, իսկ հիմա մեր ջրամբարի ջրի մակարդակը 671,50 է: Այսինքն՝ 35 մետր ջրամբարի ջուրն իջեցրել ենք, ծախսվել է 312 միլիոն խորանարդ մետր ջուր:
Սարսանգի ջրամբարն այսքան չէր դատարկվի, եթե ադրբեջանական կողմը չխոչընդոտեր Հայստանից-Արցախ էլեկտրագծի նորոգումը: Ու սա այն դեպքում, երբ Արցախը ոռոգման նպատակով ջուր էր տալիս Ադրբեջանին: Իսկ ստեղծված իրավիճակում Սարսանգ ՀԷԿ-ին բաժին է ընկնում սպառվող Էլեկտաէներգիայի արտադրության մոտ 70 տոկոսը:
Գրիգոր Գրիգորյան - Եթե նրանք պահանջում էին ինչ-որ քանակությամբ ջուր ունենալ, պլանային մենք նախատեսում էինք, և ջրամբարի ջրի մակարդակն էլ համապատասխանաբար պահում էինք բարձր մակարդակի վրա: Այսինքն՝ երկկողմանի պայմանավորվածություն կար մինչև այդ՝ 2020 թվականից հետո սկսած:
Սարսանգի դատարկումն անխուսափելի է դարձնում շրջակայքի աղբյուրների չորացումը: Մասնագետների գնահատմամբ՝ այս համատեքստում պետք է տարածքում համալիր ուսումնասիրություն իրականացնել:
Գոհար Գրիգորյան (Արցախի բնապահպանության կոմիտեի ջրային ռեսուրսների կառավարման բաժնի պետ) - Ստորերկրյա ջրերի սնուցման մեջ մեծ, կարևոր դեր ունի նաև ջրամբարից ինֆիլտրացիան՝ ջրերի ներծծումը հողային միջավայր և այդտեղից էլ սնուցումը ստորերկրյա ջրային աղբյուրներ:
Ջրամբարի աննախադեպ դատարկումը բնապահպանական աղետ է: Արցախի բնապահպանության կոմիտեի ղեկավարի տեղակալ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հայրապետյանն ահազանգում է՝ ջրամբարում և առափնյա հատվածներում կենսաբազմազանությունը վտանգված է:
Վահրամ Հայրապետյան (Արցախի բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ) - Ջրի ծավալի փոքրացման հետ, բնականաբար, ձկների խտությունը կգերազանցի մեկ խորանարդի մետր հաշվով, և այստեղ արդեն կլինեն և՛ թթվածնի պակաս, և՛ սննդի պակաս, ու բազմաթիվ տեսակներ կամ մի շարք այլ տեսակներ, խոցված, նրանք էլ այս հատվածում կոչնչանան:
Կեղծ բնապահպանական պահանջով Ադրբեջանն իրական բնապահպանական աղետ է ստեղծել Արցախում: Չի բացառվում, որ առաջիկայում օրակարգ բերի Սարսանգից ջուր չստանալու հարցը,- ասում է Հայրապետյանը:
Վահրամ Հայրապետյան - Էկոակտիվիստը երբևիցե այս քայլին չէր գնա: Եվ ինքը, լինելով էկոլոգ, ինքը, լինելով բնապահպան, թույլ չէր տա, որ ունենանք այսպիսի էկոլոգիական ճգնաժամ և էկոլոգիական աղետ: Բոլորս լավ գիտենք, որ դա ընդամենը մի պատրվակ է եղել՝ որպես էկոակտիվիստ ճանապարհ փակելու կամ ինչ-որ իրենց ներքին հարցերը լուծելու համար:
Հակառակ չորային եղանակին, երբ Սարսանգի ջրամբար ջրի մուտքը նախորդ տարվա համեմատ կրկնակի քիչ է, ՀԷԿ-ն օգտագործել է երեք անգամ ավելի շատ ջուր: Ու սա այն դեպքում, երբ Արցախի հիմնական տնտեսական ձեռնարկությունները շրջափակման հետևանքով չեն աշխատում, իսկ էլեկտրաէներգիան մատակարարվում է հովհարային անջատումներով: