«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հերթական տեսանյութն է հրապարակել, որում մանրամասն ներկայացրել է Բախմուտում տիրող իրավիճակը: Գրառումը հրապարակել է ձեռնարկատիրոջ մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով՝ Բախմուտ մտնելու ամբողջ գործողությունը սկսվել է հոկտեմբերի 8-ից և տևել յոթ ամիս, որի ընթացքում «Վագների» ստորաբաժանումները գրավել են Բերխովսկոյե ջրամբարը և այլ դիրքեր, սակայն երբ դրանք հանձնել են ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներին, իրավիճակը սրվել է:
Ըստ Պրիգոժինի՝ ՊՆ ստորաբաժանումներն ուղղակի փախչում են դիրքերից։ Նա նշում է, որ եթե Ուկրաինայի զինուժը մոտենա Բերեզովկա գյուղին, նրանք Բախմուտից կլինեն 500 մետր հեռավորության վրա՝ զբաղեցնելով մարտավարական բոլոր բարձունքները։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ձեռնպահ է մնացել ուկրաինական զորքերի հակահարձակման մասին հաղորդագրությունների վերաբերյալ մեկնաբանություններից՝ հայտարարելով, որ դա ՌԴ պաշտպանության նախարարության իրավասությունն է:
ՌԴ պաշտպանության գերատեսչությունն էլ իր պաշտոնական Telegram ալիքում հայտնել է, որ ռուսական զինուժը իր հսկողության տակ է վերցրել Ուկրաինայի զինված ուժերի հենակետը՝ Արտյոմովսկի շրջանի Սպորնոյե գյուղի մոտակայքում։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ գրոհն իրականացվել է տանկերի և զրահափոխադրիչների, ինչպես նաև օդուժի աջակցությամբ: