ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ԲԱԽՄՈՒՏԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 2 ԿՄ ԱՌԱՋ Է ՇԱՐԺՎԵԼ
Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտի ուղղությամբ 2 կմ առաջ են շարժվել՝ հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարարը։ Աննա Մալյարը նշել է՝ նոր դիրքեր գրավելու մասին ռուսական կողմի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով՝ չնայած զինամթերքի առկայությանը՝ ռուսական ուժերը չեն կարողանում իրագործել իրենց նպատակները և մեծ թվով կորուստներ են տալիս:
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինն էլ տեղեկացրել է, որ իր մարտիկները Բախմուտում որոշակի առաջխաղացում են գրանցել: Նա, այնուհանդերձ, նշել է, որ իրավիճակը զարգանում է իրենց համար վատագույն սցենարով:
ՌԴ պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հերքել է շփման գծի տարբեր հատվածներում պաշտպանության ճեղքման մասին լուրերը։ «Հատուկ ռազմական գործողության գոտում իրավիճակը վերահսկելի է»,- ասված է հայտարարության մեջ։
Բախմուտում այժմ ամենակատաղի մարտերն են, կողմերը կիրառում են հրետանի և ավիացիա: Տեղեկություններ են ստացվում նաև այն մասին, որ ուկրաինական կողմը տարբեր ուղղություններով պատրաստվում է հակահարձակման:
ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒԻ ԿՈՉԸ ՌԴ-ԻՆ
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ի միկրոբլոգում ռուսերեն գրառում է կատարել, Մոսկվային կոչ արել չմիջամտել Հանրապետությունում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։
«Հարգելի ռուս բարեկամներ, եթե ցանկանում եք, որ մեր բարեկամությունը շարունակվի նաև մայիսի 15-ից հետո, ձեռքներդ հեռու պահեք թուրքական պետությունից»,- նշել է պաշտոնյան։
Նա նաև հայտարարել է, թե Ռուսաստանը կանգնած է մի շարք դավադրությունների, Deep Fake քոնթենթի և ձայնագրությունների հետևում, որոնք նախկինում բացահայտվել են Թուրքիայում։ Քըլըչդարօղլուն, սակայն, չի մանրամասնել՝ ինչի՛ մասին է խոսքը:
Ավելի վաղ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես էր եկել հայտարարությամբ, որ ընտրություններում հաղթելու դեպքում իր թիմն առաջնահերթություն կտա Արևմուտքի և ոչ թե Կրեմլի հետ հարաբերությունների զարգացմանը:
ԳԱԶԱՅԻՑ ԻՍՐԱՅԵԼԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԻ ՔԱՆ 860 ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռային արձակումների ֆոնին օպերատիվ հանդիպում է անցկացրել ռազմական հետախուզության ծառայողների հետ։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ խորհրդակցություն է հրավիրվել այն բանից հետո, երբ պաղեստինյան արմատականների արձակած հրթիռներից մեկը խոցել է Թել Ավիվից 20 կմ հեռավորության վրա գտնվող Ռեհովոտ քաղաքի բնակելի շենքերից մեկը։ Հաղորդվում է վիրավորների և մեկ զոհի մասին: Իսրայելական բանակը պատասխան հրթիռներ է արձակել:
Այս շաբաթվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ Գազայից արձակվել է ավելի քան 860 հրթիռ՝ ի պատասխան իսրայելական բանակը խոցել է անկլավում «Իսլամական ջիհադ» խմբավորման 215 թիրախ։ Հրթիռակոծություններն ակտիվացել են մայիսի 2-ից, երբ հայտնի դարձավ, որ իսրայելական բանտում մահացել է «Իսլամական ջիհադի» ակտիվիստ Խադր Ադնանը, որն ավելի վաղ հացադուլ էր հայտարարել:
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ
Պակիստանում մայիսի 9-ին նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Իմրան Խանի ձերբակալությունից հետո երկրում լարվածությունը պահպանվում է, զանգվածային անկարգությունները չեն դադարում, այդ թվում՝ մայրաքաղաք Իսլամաբադում:
Պակիստանի Գերագույն դատարանը երեկ անօրինական է ճանաչել Խանի ձերբակալությունը, սակայն թույլ չի տվել նախկին վարչապետին տուն գնալ։ Որոշում է կայացվել, որ նախկին վարչապետը մինչև հաջորդ լսումներ մնա դատարանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում:
Երկրի ներքին գործերի նախարար Ռանա Սանաուլլան հայտարարել է, որ իշխանությունները կրկին կձերբակալեն նախկին վարչապետին, եթե վերջինս գրավի դիմաց ազատ արձակվի: Իմրան Խանը մեղադրվում է պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար, խոսքը միլիոնավոր դոլարների մասին է:
ՀՐԱԴԱԴԱՐ ՍՈՒԴԱՆԻ ԲԱՆԱԿԻ ԵՎ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻՋԵՎ
Սուդանի բանակն ու արագ արձագանքման ուժերը Ջիդդա քաղաքում հրադադար հաստատելու մասին նախնական համաձայնագիր են ստորագրել։ ԶԼՄ-ների տվյալով՝ Ջիդդայի հռչակագրի համաձայն՝ կանոնավոր բանակը և հատուկջոկատայինները, որոնց միջև ապրիլի 15-ից կատաղի մարտեր են, պարտավորվել են «ձեռնարկել բոլոր միջոցները՝ խաղաղ բնակչությանը չվնասելու համար»: Մինչ այդ, Սուդանի որոշ բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Խարթումում, պայթյուններ են լսվում: Վերջին տվյալով՝ բախումների հետևանքով զոհվել է 600-ից ավելի, վիրավորվել է ավելի քան 5000 խաղաղ բնակիչ։
TWITTER-Ը ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ԿՈՒՆԵՆԱ
Իլոն Մասկը հայտնել է, որ գտել է մարդու, որը կգլխավորի Twitter-ը: Նա անուն չի նշել, սակայն հայտնել է, որ Twitter-ի ղեկավարը կին է լինելու, նա աշխատանքի կանցնի վեց շաբաթից:
Ավելի ուշ հաղորդվել է, որ Twitter-ի ղեկավարն է դարձել NBCUniversal-ի թոփ-մենեջեր Լինդա Յակքարինոն: