Նոր չափորոշիչներ արտաքին գովազդում: Օրերս Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում: Նախագծի հեղինակ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ վահանակներն ու շենքերին փակցված գովազդներն այժմ աղավաղում են երևանյան ճարտարապետությունը:
Սուրեն Գրիգորյան (Երևանի փոխքաղաքապետ) - Գլխավոր մեսիջն այն է՝ գովազդը շենքի վրա կամ քաղաքում պետք ա լինի հյուր, ոչ թե իրավիճակի տեր, ու ինքը պետք ա հարմարվի իրավիճակին ու եթե գոնե չգեղեցկացնի, չտգեղացնի:
Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ փոփոխությունները շատ են, բայց կարևորներից մի քանիսը թվեց. աստիճանաբար մայրաքաղաքի փողոցներից պետք է հանվեն մեծ գովազդային վահանակները, շենք-շինությունների վրա տեղադրվածները պետք է չծածկեն շենքը: Գրիգորյանը հստակեցրեց՝ քաղաքապետարանը նորամուծություն չի անում՝ միջազգային փորձ է:
Սուրեն Գրիգորյան - Մենք ասում ենք՝ պետք ա լինի առանձին տառեր, ու շենքը հետևից երևա, չլինի որ ֆոնով ամբողջությամբ շենքը փակվի: Շատ տնտեսվարողներ ասում են՝ մեր ապրանքանշանը գրանցված ա ֆոնով, ինչին մենք հակադարձում ենք, որ ոչ մի տեղ գրված չի, որ եթե ապրանքային նշանը էդ ֆոնով ա, ուրեմն պետք ա դրոնով տեղադրվի շենքին: Օրինակ՝ «Վայլդբերիզը» առաջ մանուշակագույն ֆոնով էր, հիմա չեմ ասի՝ բոլոր տեղերում, բայց առանձին տառերով ա գրված, ու կա կոմպրոմիս:
Որպեսզի առաջարկվող փոփոխությունները մեծ սթրեսի չենթարկեն տնտեսվարողներին, քաղաքապետարանը սահմանել է ժամկետ՝ մինչև տարեվերջ բիզնեսն իր արտաքին գովազդը պետք է համապատասխանեցնի նոր չափորոշիչներին: 2024 թվականի հունվարից կարգավորմանը չհարմարեցված գովազդային վահանակներն ու պաստառները կհեռացվեն:
Սուրեն Գրիգորյան - Այլ նպատակ, քան քաղաքի տեսքը վերականգնելն ա, չունենք, մենք չենք ցանկանում, որ քաղաքապետարանը բիրտ ուժով գնա ապամոնտաժի ու սթրես պատճառի տնտեսվարողներին:
Շատ տնտեսվարողներ, իմանալով առաջիկա փոփոխությունների մասին, արդեն իսկ գովազդային վահանակները նոր չափորոշիչներին համապատասխան են տեղադրել: Հիմա մշակվում է նաև վիզուալ ուղեցույց, որը տնտեսվարողին կօգնի հասկանալ՝ ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ: Այս մեթոդը ևս օգտագործվել է տարբեր երկրներում ու հաջողություն գրանցել՝ ասում է փոխքաղաքապետը :
Սուրեն Գրիգորյան - Չափորոշիչները չեն ենթադրում, որ դու կարող ես նայել ու ինքնուրույն իրականացնել, ամեն դեպքում պետք է դիմեն ու ստանան թույլտվություն:
Իսկ ինչ ճակատագրի կարժանանան հնամաշ, արդիականությունը կորցրած սոցիալական գովազդների վահանակները: Փոխքաղաքապետը վստահեցրեց՝ դրանք կպահպանվեն, պարզապես կթարմացվեն՝ անդրադառնալով նոր թեմաների՝ օրինակ՝ «Կրի՛ր դիմակին» կփոխարինի «Աղբը մի՛ նետիր» սոցիալական վահանակը: