Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհն է: Հանրապետական նշանակության ճանապարհը սկսած Զովունիից մինչև Եղվարդ ու Զորավան հիմնանորոգվում է:
Սերժիկ Պետրոսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխնտօրեն) - Ընդհանուր երկարությունը 15.6 կմ է: Կապալառուի հետ պայմանագրային արժեքը շուրջ 2 մլրդ 290 մլն դրամ է:
Վարորդների դժգոհությունները վերջին շրջանում շատացել էին, ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր 15 տարի առաջ, այն էլ՝ մասնակի:
Սերժիկ Պետրոսյան - Անհարմարություն էր արդեն պատճառում մեր բնակիչներին, նստվածքները շատ էին, ճանապարհն արդեն լիովին հիմնանորոգման կարիք ուներ: Հիմնանորոգումից հետո, կարծում եմ՝ նաև մեր Մ3 ճանապարհը որոշակի կբեռնաթափվի: Եթե այս կողմում ունենանք լավ ճանապարհ, ապա դեպի Ապարան ու Վանաձոր գնացող երթուղիների մի մասը կօգտվի նաև այս ճանապարհից, որը դուրս է գալիս Ապարանի Հարթավան գյուղ:
Ճանապարհի տարբեր հատվածներում տարբեր աշխատանքներ են իրականացնում: Մոտ 6 կմ-ը հիմնանորոգվում է հիմքի սառը վերամշակման միջոցով: Հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհի պատվածքն աղում, ցեմենտով մշակում ու տեղադրում են որպես հիմք: Մնացած հատվածում պատվածքն ամբողջությամբ փոխվելու է: Քննարկվում է նաև ճանապարհը լայնացնելու տարբերակը:
Սահակ Աբրահամյան (շինարարական ընկերության գլխավոր ինժեներ) - Այս հատվածում կատարվում են ֆրեզավորման աշխատանքներ՝ 11 սմ, որից 5 սմ-ն վերին շերտն ա, 6 սմ-ն՝ ներքին, հավասարեցվում է վաքերի հետ, և ասֆալտը գալի հավասարվում ա վաքերին:
Ավտոճանապարհի համայնքային հատվածներով անցնող տեղամասերում մայթերի կառուցումն է ընթացքի մեջ: 6400 քմ երկարությամբ մայթերին բետոնե սալիկներ են տեղադրվելու:
Սահակ Աբրահամյան - Եղվարդ քաղաքում հսկայածավալ աշխատանքներ ա մեր կողմից կատարված, հիմնականում կատարվել են բազալտե եզրաքարերի տեղադրման, եզրաշարերի տեղադրման աշխատանքները: Խողովակաշարեր ենք տեղադրել ոռոգման ջրատարների համար:
Այն հատվածներում, որտեղ հին վաքերը չեն փոխվել, նոր մեթոդով՝ գերհզոր ցեմենտավազային շաղախով մշակում ու վերականգնում են, վստահեցնում են՝ այսպես դրանք դեռ շատ երկար են ծառայելու: Շինարարի խոսքով՝ այս տեմպերով աշխատանքները սահմանված ժամկետից շուտ՝ ամռանը կավարտեն, եթե միայն կոյուղի ու ջրատար կառուցող գործընկերները ժամանակին սկսեն իրենց գործը: