8 բնակելի տարածք Կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով նվիրաբերվել է այդ հասցեներում տարիներ ի վեր բնակվող քաղաքացիներին: Այս տարածքների մի մասը նախկինում հանրակացարան է եղել:
Յանա Բաբայա (շահառու) - 89-ի դեկտեմբերին եկել ենք Հայաստան, 90թ.-ին արդեն տվել են էս բնակարանը: Առաջ բնակվում էինք առանց սեփականաշնորհման, ուղղակի փաստացի գրանցում էր, հետո արդեն, որ սեփականաշնորհումը անում էին, որոշեցինք մենք էլ դիմենք, որ սեփականաշնորհեինք, արդեն տեսնում եք, ուզում ենք վերանորոգել:
Տարածքների նվիրատվության 2 կարգ կա՝ առաջին խմբում տեղաբնակներն են, մյուսում՝ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթածները: Պայմանները երկուսի դեպքում էլ գրեթե նույնն են:
Բելլա Հակոբյան (Պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության պետ) - Պետք է հաշվառված լինեն տվյալ տարածքում, բնակվեն որոշակի ժամանակահատված, տեղաբնակների համար մինչև 2017 թ.-ի բնակություն պետք է ունենան շառահուները, իսկ փախստականների համար վերջին 3 տարիների ներկայություն: Կառավարության որոշումից հետո արդեն պայմանագրերը համապատասխանաբար կնքում է կամ պետգույքի ակռավարման կոմիտեն, եթե մեր հաշվեկշռում ամրացված հանրակացարանային տարածք է, կամ համապատասխան մարզպետարանը:
Կոմիտեում նվիրատվության գործընթացն իրականացվում է ըստ դիմումների հերթականության: Պարտադիր պահանջներից են՝ չունենալ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, նաև չլինել պետության կողմից բնակարանային պայմանների բարելավման աջակցության շահառու:
Բելլա Հակոբյան - Ովքեր որ ունեն փախստականի կարգավիճակ` 1988-1992 թթ. բռնագաղթածները, իրենք միգրացիոն ծառայության միջոցով են ստանում փախստականի կարգավիճակ և բնակության իրավունք, մի մասը ստանում է բնակության իրավունք Սոցապնախարարության կողմից՝ իրենց թույլտվությամբ, որպեսզի էնտեղ բնակվեն, մեկ այլ մասը, երբ որ արդեն ընտանիքի անդամները շատ են էնտեղ բնակվում, և կողքի սենյակները ևս զբաղեցնում են, որովհետև էդ բնակելի տարածքները իրենք մակերեսներով բավականին փոքր են, և շատ դեպքերում լինում է, որ մեկ ընտանիք զբաղեցնում է 1-2 բնակելի տարածք:
Ընդհանուր մոտ 2000 բնակելի տարածքից 1600-ն արդեն նվիրատվությամբ տրամադրվել է քաղաքացիներին: Նախորդ տարվա այս ցուցանիշը 38 է: Պատասխանատուները ակնկալում են, որ 2023-ի թվերն ավելի բարձր կլինեն, քանի որ միայն առաջին եռամսյակում բնակելի տարածքների նվիրատվության 40-ից ավելի դիմում է եղել:
Հեղինակ` Լուսինե Խաչատուրյան