ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը մայիսի 11-ի ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը. «Կարծում ենք, որ այս տեսակի լարվածությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու առաջընթացը և կոչ ենք անում երկու երկրի ղեկավարներին մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնել սահմանի երկայնքով հետ քաշել զորքերը, ինչպես քննարկել էր պետքարտուղար Բլինքենը՝ մայիսի սկզբին Վաշինգտոնում կայացած բանակցություններին վերջինիս մասնակցության ժամանակ»:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը պետքարտուղարությունը դիտարկում է որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն, Պատելը նշել է. «Մեր հյուրընկալած երկխոսությունը համարում ենք որպես կարևոր և դրական քայլ, որում երկու երկրները որոշ կարևոր հարցերի շուրջ ներգրավվելու և մեկը մյուսի տեսակետը դիտարկելու հնարավորություն ունեցան: Մենք հավատում ենք, որ երկարատև առաջընթացի ճանապարհը շարունակվում է, և մենք հավատում ենք, որ այս հարցում կա խաղաղ լուծում: Ահա թե ինչու մենք շարունակում ենք խորապես ներգրավված մնալ այս գործում, սակայն ես չեմ պատրաստվում կայանալիք բանակցություններից առաջ անցնել»:
Պատասխանելով այն հարցին թե ինչպես է դիտարկում պետքարտուղարությունը Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում, քանի որ նրանք կասկած են հայտնել պետքարտուղարի լավատեսության և Վաշինգտոնում կայացած բանակցության կապակցությամբ, Պետելը նշել է, որ շատ ժամանակ չի ծախսում մտածելու, թե ինչ է խոսում իր ռուս գործընկերն ամբիոնից: «Մենք ակնհայտորեն ուրախ էինք հյուրընկալելու մայիսի սկզբին կայացած բանակցությունները: Կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և դրեցին Բրյուսելում կայանալիք բանակցությունների հիմքը»: Հարցին, թե արդյոք սպասվո՞ւմ են պետքարտուղարի հեռախոսազանգեր դեպի երկու երկրներ, Պատելը պատասխանել է, որ դեռևս չի կարող ոչինչ նշել: