Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն պնդում է, թե ապացույցներ ունի, որ ռուսական կողմը ներգրավված է մայիսի 14-ի ընտրությունների նախաշեմին թեկնածուների մասին ոչ հավաստի տեղեկությունների տարածմանը:
«Եթե մենք չունենայինք կոնկրետ ապացույցներ, ես չէի գրի այդ մասին Թվիթերում: Մենք անընդունելի ենք համարում մեկ այլ երկրի միջամտությունը Թուրքիայի ընտրական գործընթացին՝ ելնելով որևէ քաղաքական կուսակցության շահերից: Ես ուզում էի, որ ամբողջ աշխարհն իմանա այս մասին, ուստի և համապատասխան հրապարակում արեցի Թվիթերում»,- ասել է նա Reuters-ին։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ նրա ղեկավարած Ժողովրդահանրապետական կուսակցությունն Անկարայում Ռուսաստանի դեսպանատան հետ չի քննարկել ֆեյքերի առաջացման հարցը։
Հինգշաբթի Քըլըչդարօղլուն Թվիթերում ռուսերեն հաղորդագրություն էր հրապարակել, որում կոչ էր արել Ռուսաստանին չմիջամտել մայիսի 14-ին հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքել է Թուրքիայի ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության մասին լուրերը՝ ընդգծելով, որ նման տվյալներ են տարածում ստախոսները։
Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ ամոթանք է տվել Քըլըչդարօղլուին, որ ՌԴ-ին մեղադրում է ընտրություններին միջամտելու համար: