ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Հակոբյանին և վերջինիս հրավերով Հայաստան ժամանած «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի (WPL) հիմնադիր և նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինին:
ՀՀ ԱԺ նախագահը հյուրերի հետ շրջայց է իրականացրել խորհրդարանում: Նա պատասխանել է Սիլվանա Կոխ-Մեհրինի՝ հայաստանյան կին քաղաքական գործիչների և Ազգային ժողովի կողմից նրանց կարողությունների զարգացման ծրագրերին վերաբերող հարցերին:
Զրույց է ծավալվել դեմոկրատական երկրների խորհրդարաններում կանանց առաջնորդության և ծրագրերի իրականացման հարցերում մասնակցային մոտեցումների շուրջ:
Աննա Հակոբյանը և գերմանացի հյուրը հանդիպել են նաև Եվրոպական խորհրդարանի և Բելգիայի Դաշնային խորհրդարանի կողմից այս տարվա հունիսին կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդները» գագաթնաժողովի մասնակիցներ, ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանին և հանձնաժողովի անդամներին: