ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒԻ ԿՈՉԸ ՌԴ-ԻՆ
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ի միկրոբլոգում ռուսերեն գրառում է կատարել, Մոսկվային կոչ արել չմիջամտել Հանրապետությունում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։
Նա նաև հայտարարել է, թե Ռուսաստանը կանգնած է մի շարք դավադրությունների, Deep Fake կոնտենտի և ձայնագրությունների հետևում, որոնք նախկինում բացահայտվել են Թուրքիայում։ Քըլըչդարօղլուն, սակայն, չի մանրամասնել՝ ինչի մասին է խոսքը:
Ավելի ուշ՝ Reuters-ին տված հարցազրույցում Էրդողանի գլխավոր մրցակիցը պնդել է, որ ապացույցներ ունի, թե ռուսական կողմը ընտրություններին ընդառաջ նախագահի թեկնածուների մասին կեղծ տեղեկություններ է տարածում։ Նա, այնուհանդերձ նշել է՝ հաղթանակի դեպքում չի խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, հանդես է գալու ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման նոր նախաձեռնությամբ և աջակցելու է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԻՋԱՄՏՈՒՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ. ՊԵՍԿՈՎ
Մոսկվան արձագանքել է. Կրեմլի խոսնակը հավատացրել է՝ Թուրքիայում ընտրություններին ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող։
«Մենք չենք միջամտում այլ պետությունների ներքին գործերին»,- ընդգծել է Դմիտրի Պեսկովը, հավելել՝ Մոսկվան կարևորում է հարաբերությունները Անկարայի հետ, որը մինչ այժմ շատ պատասխանատու դիրքորոշում է ունեցել տարածաշրջանային և միջազգային հարցերում։
«Թուրքական ընդդիմության առաջնորդին նման տեղեկատվություն տրամադրողը ստախոս է», - եզրափակել է Կրեմլի խոսնակը։
Էրդողանն իր հերթին դատապարտել է Քըլըչդարօղլուի հայտարարությունները:
«Պարոն Քեմալն ասում է, թե Մոսկվան իբր միջամտում է մեր ընտրություններին, ամոթ նրան: Ի՞նչ կպատասխանեք, եթե ասեմ, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան են միջամտում Թուրքիայում ընտրություններին։ Ես ավելի լավ եմ ճանաչում արևմտյան պետություններին, նրանք ստախոս են»,- ընդգծել է Էրդողանը։
ՊՐԻԳՈԺԻՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՌԴ ՊՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի պաշտպանունակությունը բարելավելու նպատակով «Հարավային» խմբավորումը Բերխովսկոյե ջրամբարի ուղղությամբ նոր սահմանագծում է տեղակայվել՝ հաշվի առնելով դրա բարենպաստ պայմանները: Նա, այնուհանդերձ, նշել է, որ ռուսական ուժերը հետ են մղում ուկրաինական կողմի գործողությունները՝ թույլ չտալով ճեղքել պաշտպանությունը:
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարը մեկնաբանել է ՌԴ ՊՆ հաղորդագրությունը: Եվգենի Պրիգոժինը նշել է, որ իր մարտիկները գրավել էին Բերխովսկոյե ջրամբարը և այլ դիրքեր, սակայն այժմ, երբ «Վագներ»-ը դրանք հանձնել է ՌԴ զինված ուժերին, իրավիճակը փոխվել է՝ հօգուտ ուկրաինացիների:
«Դա տակտիկական նահանջ չէ: Ռուսական ուժերն ուղղակի փախել են», - հայտարարել է Պրիգոժինը:
Նա հերթական անգամ մեղադրել է ՌԴ ՊՆ-ին` «Վագներին» ռազմամթերք չտրամադրելու համար:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ տեղեկացրել է, որ ուկրաինական կողմին որոշ ուղղություններում հաջողվել է հետ մղել ռուսական ուժերին տեղակայման նախկին դիրքեր:
ԲԵՐԲՈՔԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՌԴ-ԻՆ ՉԱՋԱԿՑԵԼ ԶԵՆՔՈՎ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է՝ եթե երրորդ երկրները Ռուսաստանին զենք կամ ռազմամթերք մատակարարեն, դա նրանց կդարձնի հակամարտության կողմ: Նա կոչ է արել չաջակցել Մոսկվային, առավելևս՝ զենքով:
«Ցավոք, ապացույցներ կան, որ որոշ երկրներ և ընկերություններ կարող են ռազմական մատակարարումներ իրականացնել, խոսքը, հատկապես, երկակի նշանակության ապրանքների մասին է», - հավելել է Աննալենա Բերբոքը:
Դիվանագետը հավելել է, որ արևմտյան երկրները կշարունակեն հրետանի և զինամթերք տրամադրել Կիևին:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակում եվրոպական երկրները կենտրոնանալու են հակառուսական սահմանափակումների շրջանցումը կանխելու վրա։
ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱԿ
Վրաստանի օդանավակայաններում գործող ընկերությունները կարող են հայտնվել պատժամիջոցների տակ, եթե սպասարկեն ռուսական ինքնաթիռները՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերսկսման հնարավորությունը:
«Արևմտյան հանրությունը հեռավորություն է պահում ռուսական ռեժիմից, և այժմ ժամանակը չէ, որ որևէ երկիր ընդլայնի գործակցությունը Ռուսաստանի հետ», - մանրամասնել է Վեդանտ Պատելը:
Ավելի վաղ՝ Վրաստանի վարչապետը ողջունել է վիզային ռեժիմի չեղարկման և երկրների միջև թռիչքները վերսկսելու Մոսկվայի որոշումը։
ՄԻԵԴ-Ը ՉԻ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻՆ ԱՐՏԵՐԿԻՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի բավարարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ արտասահմանում բուժում ստանալու համար Սահակաշվիլի պատիժը հետաձգելու հայցը՝ հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարը:
Ռատի Բրեգաձեի խոսքով՝ այսպիսով Սաակաշվիլին չի տեղափոխվի Վարշավա և կշարունակի բուժումը Վրաստանում: Նա հավելել է՝ հենց բժիշկները թույլ տան, նախկին նախագահը քաղաքացիական կլինիկայից կտեղափոխվի բանտ:
Սաակաշվիլիի հարազատները, փաստաբանները և ընդդիմության ներկայացուցիչները պարբերաբար պնդում են, որ նա արտերկրում բուժում ստանալու կարիք ունի, սակայն Վրաստանի իշխանությունների տվյալով՝ նախկին նախագահը հրաժարվում է ցանկացած բուժումից և առիթ է փնտրում՝ լքելու երկրի տարածքը:
Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականին Վրաստան վերադառնալուց հետո: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
ԻՍՐԱՅԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՀԱՐՎԱԾՆԵՐԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԻՆ
Իսրայելական բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման թիրախներին՝ ի պատասխան Գազայից հրեական պետության դեմ հերթական հրթիռային հարձակմանը՝ հայտնում է երկրի բանակի մամուլի ծառայությունը։
Լրատվամիջոցները գրում են, որ այս շաբաթ Իսրայելի ուղղությամբ Գազայից արձակվել է շուրջ 1000 հրթիռ, ի պատասխան՝ իսրայելական բանակը խոցել է անկլավում «Իսլամական ջիհադ» խմբավորման ավելի քան 20 թիրախ։
ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Իսլամաբադի բարձրագույն դատարանը երկու շաբաթով գրավի դիմաց ազատ է արձակել Պակիստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Իմրան Խանին, որը մայիսի 9-ին ձերբակալվել էր պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեղադրանքով. խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Երկրի ներքին գործերի նախարարն էլ զգուշացրել է, որ իշխանությունները կրկին կձերբակալեն նախկին վարչապետին:
Խանի կալանավորումը Պակիստանում զանգվածային ցույցերի պատճառ է դարձել՝ անկարգություններ, իրավապահների և նախկին վարչապետի կողմնակիցների միջև բախումներ, զոհեր և վիրավորներ, 2000-ից ավելի ձերբակալվածներ:
Լարվածությունը երկրում, մասնավորապես մայրաքաղաքում պահպանվում է: