Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարևորում է զանգվածային լրատվամիջոցների դերը կոռուպցիայի դեմ պայքարի, հաշվետվողականության, պետական կառավարման համակարգում բարեվարքությանն ուղղված աշխատանքներում: «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և հանձնաժողովի դերը» թեմայով աշխատաժողովում կառույցի նախագահ Հայկուհի Հարությունյանն ընդգծեց ոչ միայն պետական համակարգում, այլ նաև զանգվածային լրատվամիջոցների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը:
Հայկուհի Հարությունյան (ՀՀ ԿԿՀ նախագահ) - Հնարավոր լինի հանրային ընկալումներում ճիշտ և ավելի գրագետ մոտեցմամբ ներկայացնել խնդիրները, որոնց ուղղությամբ այսօր ՀՀ Կառավարությունը ստանձնել է պարտավորություններ, որոնց կատարման տեսանկյունից հանձնաժողովը փորձում է առավելապես ապահովել արդյունավետ կատարումը, բայց նաև իշխանությունների բաժանման և հակակշիռների և փոխզսպման տեսանկյունից փորձում է այդ հակակշիռն ապահովել թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ անհատական մակարդակում:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավար Բարբարա Ջեյմսը հայտարարեց, որ աշխատում են Հայաստանի Կառավարության հետ՝ օգնելով նվազեցնել կոռուպցիոն հնարավորությունները և ամրապնդելու բարելավված կառավարման և հաշվետվողականության հանրային պահանջը կառուպցիայի կանխարգելման հաստատությունների և բարեվարքության համակարգի զարգացման միջոցով:
Բարբարա Ջեյմս (ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավար) - Նպատակն է բարձրացնել լրագրողների իրազեկվածությունն ու ընկալումը բարեվարքության և հակակոռուպցիոն համակարգերի վերաբերյալ: Փորձում ենք լրատվամիջոցների մեր գործընկերներին զինել անհրաժեշտ գիտելիքով, հմտությամբ ու գործիքներով, որ կարողանան իրենց աշխատանքն իրականացնել պրոֆեսիոնալ, հակակոռուպցիոն հարցերը լուսաբանել ճիշտ, պատասխանատու ձևով: Բացի այդ, ավելի հաշվետու դարձնել պետական մարմինները, խթանել հակակոռուպցիոն բարեփոխումները և զրո հանդուրժողականություն դրսևորել կոռուպցիայի նկատմամբ:
Միջազգային փորձագետ Պատրիսիա Սուվաժի ելույթը վերաբերում էր միջազգային չափանիշների տեսանկյունից կոռուպցիայի կանխարգելմանն ու շահերի բախմանը:
Պատրիսիա Սուվաժ (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԵՄ փորձագետ)- Հայաստանում հակակոռուպցիոն ոլորտում գործող մի քանի մարմին կա: Շատ կարևոր են դրանց միջև աշխատանքի համակարգումը, տեղեկության պատշաճ փոխանակումը, որը կօգնի նաև կոռուպցիոն երևույթների բացահայտմանը, կառավարմանը: Օրենքը և կառուցվածքը միայն բավարար չեն: Հանրային բարեվարքության համակարգը չի կարող գոյություն ունենալ առանց քաղհասարակության, առանց լրագրողների: Նրանց ձայնը ամենակարևորն է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ աշխատանքի համար:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները հանդես եկան կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների՝ անհամատեղելիության պահանջների, բարեվարքության ուսումնասիրության, շահերի բախման, հայտարարագրման համակարգի վերաբերյալ զեկույցներով: Նշվեց, որ այս տարի արդեն ստուգվել է դատավորի, դատախազի, քննիչի 176 թեկնածուի բարեվարքություն: 100 դրական, 52 դրական վերապահումով եզրակացություն է տրվել, 24 անձի դեպքում եզրակացությունը բացասական է եղել: