Որո՞նք են համայնքների առաջնային կարիքները, ինչպե՞ս բարելավել բնակավայրերի սոցիալ-տնտեսական վիճակը, ի՞նչ անել, որ քաղաքացին ևս մասնակցի իր համայնքի բարեկարգմանն ու զարգացմանը։ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրին մասնակցում է նաև Վաղարշապատի համայնքապետարանը։
Աննա Սեթաղյան (Վաղարշապատ համայնքի ղեկավարի օգնական) - Կարևոր պայմաններից է, որ ծրագիրը համապատասխանի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակին, այսինքն՝ գրանցի դիմակայուն արդյունքներ, որոնք կդիմանան տարիների փորձությանը, կլինեն կայուն:
Ծրագիրն իրականացնում են ՏԿԵ նախարարությունն ու Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերությունը։ Դրամաշնորհային ծրագրի 10 տոկոսը համաֆինանսավորելու է համայնքապետարանը։
Աննա Սեթաղյան - Դրամաշնորհը 4-16 մլն դրամի սահմանում է, և հենց դրա շրջանակում էլ կարիքների գնահատում ենք կատարել՝ հասկանալու համար, թե այդ դրամային միջակայքում համայնքը որքա՛ն ներդրում կարող է կատարել։
Քաղաքացիների մասնակցությունը ծրագրին պարտադիր է, առկա խնդիրների մասին նրանք պետք է բարձրաձայնեն։ Էջմիածնում դրանք հիմնականում կուտակված են ծայրամասերում՝ չկան հանգստի գոտիներ, մանկական խաղահրապարակներ, զրուցարաններ տարեցների համար, մայթերը անանցանելի են, թափառող շները՝ ամենուր: Իսկ կենտրոնը թեև փոքր-ինչ աշխույժ է, բնակիչներին չի բավարարում։ Մշակույթի պակաս կա։
Ծրագրին դիմելու ուղղությունները բազմազան են։ Քաղաքը կարիք ունի հատկապես կանաչ գոտիների։ Պուրակները քիչ են, ճեմուղիներ ու այգիներ գրեթե չկան։
Աննա Սեթաղյան - Մեզ համար էլ է շատ կարևոր այգիների հիմնումը, բայց դրանք շատ մեծ գումարներ են պահանջում, դրանք ներառնված են քաղաքի զարգացման 5-ամյա պլանի մեջ, պետք է ամեն ինչ անենք՝ դա իրականացնենք։
Կարևոր խնդիրներից է նաև հաշմանդամություն ունեցողների տեղաշարժման լիարժեք հնարավորությունը երաշխավորելը:
Մարինե Սարգսյան (Էջմիածնի բնակիչ) - Կուզենայի, որ թեքահարթակներ լինեին, շատ անհարմարություններ են ստեղծվում․ թվում է՝ դրանք կան, բայց որոշները շատ անհարմար են, որոշ տեղեր էլ ընդհանրապես չկան։
Աննա Սեթաղյան - Միգուցե այս փուլում հնարավոր չլինի նման գաղափարով դիմել, բայց կդիտարկենք հետագա այլ ֆինանսական միջոցներով ծրագիրը իրականություն դարձնել։
Ներկայացված առաջարկությունները կօգնեն համայնքի ղեկավարությանը՝ ճշգրիտ գնահատել առկա կարիքները։ Դրանք ի մի կբերեն՝ թիրախային հայտադիմում ներկայացնելու համար։