Վայոց ձորի Մալիշկա համայնքի ՀՀԿ-ական նախկին ղեկավար Մհեր Մովսիսյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել: Մովսիսյանը դատապարտվել է 4 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խոշոր չափի յուրացման, պաշտոնեական կեղծիքի և ընտրակաշառք տալու համար:
Կորյուն Սերոբյան (Դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ) - Ընդ որում, համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ նաև նշանակվել է պատիժ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում 3 տարի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը:
Ընտրակաշառքն ըստ դատախազի՝ բաժանվել է 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում: 2002-2018 թթ. համայնքը ղեկավարած Մովսիսյանն այդ ժամանակ եղել է ՀՀԿ-ի առաջադրած ԱԺ պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանի Մալիշկայի նախընտրական շտաբի ղեկավարը:
«Ընտրակաշառքը բաժանվել ա համագյուղացիների շրջանում՝ յուրաքանչյուրին 10 հազար դրամ»:
Ընդհանուր առմամբ, ըստ մեղադրանքի՝ խոսքը 230 հազար դրամի ընտրակաշառքի մասին է: Համայնքի նախկին ղեկավարն անցնում է 2 դրվագով ևս: Դրանցից մեկով մեղադրյալ են նաև նրա կինն ու որդին: Որդին նույն համայնքի մարզադպրոցի տնօրենն է եղել, կինը՝ բուժքույրը:
«Սակայն աշխատանքի կանոնավոր չի հաճախել, մինչդեռ այդ պայմաններում որդու կողմից կազմվել են կեղծ փաստաթղթեր աշխատաժամանակի հաշվարկի, և այդ փաստաթղթերի հիման վրա համայնքի նախկին ղեկավարը հաշվարկել է աշխատավարձեր, որոնք տրամադրվել են նշված ՀՈԱԿ-ին, այնուհետև նաև արդեն՝ ՀՈԱԿ-ի տնօրենի մորը»:
Դատավճռով կինն ու որդին նույնպես մեղավոր են ճանաչվել և դատապարտվել տուգանքի, սակայն պատասխանատվությունից ազատվել են համաներման ակտի հիմքով: Մյուս դրվագով էլ նախկին համայնքապետը հաշվապահի հետ է մեղադրվում յուրացում կատարելու համար:
«Համայնքի նախկին ղեկավարը գլխավոր հաշվապահին տվել է համայնքի մի շարք բնակիչների տվյալներ, կազմվել են համապատասխան ցուցակներ և հրամաններ այն մասին, թե իբր այդ անձինք սոցիալապես անապահով ընտանիքներ են, և անհրաժեշտ է նրանց որպես օգնություն գումարներ տրամադրել»:
Դատախազի խոսքով՝ գումարը թեև դուրս է գրվել համայնքի բյուջեից, սակայն բնակիչներին չի տրվել, այլ յուրացվել է: Դա թաքցնելու համար էլ կազմվել են կեղծ փաստաթղթեր գումարները բնակիչներին հատկացնելու վերաբերյալ:
Հաշվապահը նույնպես մեղավոր է ճանաչվել, սակայն վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել է պատասխանատվությունից: Մհեր Մովսիսյանը, պաշտպան Էմին Բեգլարյանի խոսքով, չի ընդունում առաջադրված մեղադրանքները:
Էմին Բեգլարյան (Մհեր Մովսիսյանի պաշտպան) - Պաշտպանական կողմը գտնում է, որ գործում առկա ապացույցները բավարար չէին մեղադրական դատավճիռ կայացնելու համար, ստանալուն պես միանշանակ վերաքննության կարգով բողոքարկվելու է:
16 տարի համայնքը ղեկավարած Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ընդհանուր առմամբ համայնքին պատճառվել է 2 միլիոն 671 հազար դրամի վնաս, վերականգնվել՝ 410 հազարը, մյուս վնասը բռնագանձելու դատախազի հայցադիմումը բավարարվել է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան