Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ Կառավարության համար առաջնային են երեխաների առանձնահատուկ կարիքներին միտված ծրագրերը՝ ուղղված կրթական, առողջապահական և սոցիալական աջակցության ու պաշտպանության ոլորտներին:
Քրիստինե Վայգանդն իր հերթին մեծապես կարևորել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու երեխաների իրավունքներին ու բարեկեցությանն ուղղված ծրագրերին, և անդրադարձել հայկական կողմի հետ ընթացիկ համագործակցության վերաբերյալ հարցերին: