ՀՀ վարչապետը կիրակի Բրյուսել մեկնելու որոշումը չի փոխել: Այդ մասին Կառավարության մայիսի 11-ի նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ասեմ նաև, որ այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել:
Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի, որը կռահում եմ, որ առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել:
Որքանով է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքվի: Ցավոք, կրկնում եմ, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղութան և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել: Մյուս կողմից՝ խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման:
Պիտի ընդգծեմ, որ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում»,- ասաց նա:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ վերոնշյալ փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա:
«Հարցը, որը ծագում է այս համատեքստում, հետևյալն է. եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչու է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ որ 2022 թվականի Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից:
Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է այս գրավոր հրապարակային պայմանավորվածությունները, և ընդհանարապես դժվար է հիշել մի համատեղ ընդունված փաստաթուղթ, որ Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել»,- ասաց նա: