Վրաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման որոշման և այդ առնչությամբ Վրաստանի իշխանության հայտարարությունների դեմ։ Ցուցարարներին միացել են նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները։
Ավելի վաղ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին ողջունել էր մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար ՌԴ մուտքի արտոնագրի չեղարկման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը: Սակայն հանրապետության նախագահն Սալոմե Զուրաբիշվիլին բացասական է արձագանքել այդ որոշմանը: Նա կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել:
«Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը և ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը կարող են մի շարք պատճառներ ունենալ, սակայն, առաջին հերթին, սա սադրանք է, որը մեծ մարտահրավեր է Վրաստանի կառավարությանը»,- նշել է նախագահը։