ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արարատի մարզի Արգավանդ բնակավայրի բնակչի կողմից պարեկների ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի նախաքննությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ, մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գումարտակի աշխատակիցները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացնելու ժամանակ` ժամը 00.20-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը երթևեկել է անկանոն: Մեքենան ստուգելու նպատակով բարձրախոսի միջոցով հաղորդել են կանգնել, սակայն վարորդը չի ենթարկվել «կանգ առ» ազդանշանին և դիմել է փախուստի։
Պարեկները ռադիոկապի միջոցով համապատասխան օգնություն են խնդրել կարգախմբերից՝ արհեստական խցանում ստեղծելու նպատակով: Իսակով-Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում պարեկային ծառայության աշխատակիցնը արհեստական խցանում ստեղծելու նպատակով փակել են ճանապարհի մի մասը և դուրս գալով մեքենայից՝ «կանգ առ» ազդանշանով փորձել կանգնեցնել մեքենան։ Վերջինս, չենթարկվելով, շարունակել է ընթացքը, մեքենայի ձախ կողային մասով հարվածել պարեկներից մեկի ոտքին և դիմել փախուստի։ Հետապնդումը շարունակվել է Արարատի մարզի վարչական տարածքով դեպի Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի վարչական տարածք, որտեղ կարգախմբերը, առաջ անցնելով, փախուստի դիմող մեքենային փորձել են կանգնեցնել։ Չեթարկվելով օրինական պահանջին՝ «Մերսեդես»-ի վարորդը դիտավորությամբ մեքենայով հարվածել է պարեկային «Շկոդա» ավտոմեքենաներին և կանգնել:
Վերջինիս վարորդը՝ Արարատի մարզի 41-ամյա բնակիչ Ա․Ս․-ն, ձերբակալվել է՝ տեղափոխվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին: Պարզվել է, որ նա եղել է արկոհոլ օգտագործած վիճակում։
Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասերով։
Ա․Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոփոխվել է, և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միոցների համակցություն է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 3 000 000 ՀՀ դրամի չափով։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու, ըստ էության քննելու նպատակով, վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: