ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է հաջորդ շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայանալիք բանակցություններին: Լրագրողը հարց է ուղղել Զախարովային՝ ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, որ Բաքուն և Երևանը զգալի առաջընթաց են գրանցել մայիսի 1-4-ը` Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների ընթացքում, և արդյո՞ք ռուսական կողմը խաղաղության հնարավոր պայմանագրի շուրջ մոսկովյան քննարկումների ժամանակ հաշվի կառնի վաշինգտոնյան պայմանավորվածությունները:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Բլինքենի հայտարարությունները, ճիշտն ասած, համահունչ չեն ադրբեջանական և հայկական կողմերի մեկնաբանություններին, որոնց համաձայն՝ խաղաղության պայմանագրի մի շարք կետերի շուրջ առաջխաղացմանը զուգահեռ` առանցքային որոշ հարցերում կողմերն ունեն տարբերվող դիրքորոշումներ: Ելնում ենք նրանից, որ Երևանը և Բաքուն կշարունակեն աշխատել խաղաղության պայմանագրի վրա՝՝ երկկողմ ձևաչափով։ Կշարունակենք աջակցել այդ գործընթացին, այդ իսկ պատճառով առաջարկել ենք Մոսկվայում հանդիպումներ և բանակցություններ անցկացնել։ Մեր հիմնական նպատակը, ինչի մասին բազմիցս հայտարարել ենք, տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելն է։ Այդ նպատակին հասնելու միակ՝ այլընտրանք չունեցող ճանապարհը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումն է։
Մարիա Զախարովան անդրադարձել է նաև 2021 և 22 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում ՀԱՊԿ-ի անգործության հետ կապված հայկական կողմից հնչող հայտարարություններին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ պաշտոնական Երևանի հրապարակային քննադատությունը Մոսկվան համարում է ոչ արդյունավետ։
Մարիա Զախարովա - Մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ բովանդակային աշխատանքները վերսկսելու ուղղությամբ։