ԵՄ-ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ՝ ՀԵՏԵՎԵԼ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
ԵՄ-ն կոչ է արել Վրաստանին՝ որպես միությանն անդամակցության թեկնածու, հետևել Ռուսաստան և հակառակ ուղղությամբ թռիչքների արգելքի հետ կապված Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներին: Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն հիշեցրել է, որ պատժամիջոցներ կան սահմանված ռուսական ավիացիոն ոլորտի նկատմամբ: «Մենք թույլ չենք տալիս թռիչքներ կատարել Ռուսաստանից, դեպի Ռուսաստան և այդ երկրի տարածքով: ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում միանալ այդ պատժամիջոցներին և զգոն լինել գործող պատժամիջոցները շրջանցելու հարցում»,- նշել է Ստանոն:
Երեկ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը և ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստան թռիչքների արգելքը։ Ըստ ՌԴ նախագահի հրամանագրի՝ 2023 թվականի մայիսի 15-ից 90 օրով Ռուսաստան այցելելու համար Վրաստանի քաղաքացիները վիզայի կարիք չեն ունենա։
Թեմային անդրադարձել են նաև ԱՄՆ պետդեպարտամենտից: Վրացական Accent լրատվամիջոցին տված հարցազրույցում պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է, որ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե Թբիլիսին վերսկսի ուղիղ չվերթերը Ռուսաստանի հետ։
Վրաստանի իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ուղղակի երկկողմանի պատժամիջոցների սահմանումը պատիժ կլինի Վրաստանի համար: «Մենք պատժամիջոցներ չենք կիրառի Ռուսաստանի դեմ, չենք պատժի մեր երկրին ու ժողովրդին․ նման որոշումները բացառվում են»,- ասել է «Վրացական երազանքի» նախագահը «Իմեդիի» եթերում։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՍԿՍԵԼ ԲԱԽՄՈՒՏՈՒՄ. ՊՐԻԳՈԺԻՆ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ակտիվ հակահարձակում են սկսել Բախմուտում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը ստել էր՝ ասելով, թե հակահարձակումը կլինի ավելի ուշ, քանի որ, Պրիգոժինի բնորոշմամբ, հակահարձակումն ընթանում է ամբողջ ուժով՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները շարժվում են Բախմուտի ուղղությամբ և մասնակի հաջողություններ են գրանցել: Նա հավելել է, որ ուկրաինական զորամասերն ունեն բոլոր անհրաժեշտ զինատեսակները հաջող հարձակման համար։ «Վագների» ղեկավարը նորից է մեղադրել ռուսական հրամանատարությանը իր ուժերին անհրաժեշտ զինամթերքով պատշաճ կերպով չապահովելու համար։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկրի զինված ուժերին ավելի շատ ժամանակ է հարկավոր Ռուսաստանի դեմ հակահարձակման համար, քանի որ Կիևին անհրաժեշտ է խոստացված արևմտյան օգնությունը:
«ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Ստամբուլում «Հացահատիկի համաձայնագրի» երկարաձգման շուրջ բանակցություններ են ընթանում` հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուս Աքարը։ Այսօր Ստամբուլում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարների և ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը։ «Մենք շարունակում ենք բանակցությունները կայունություն ապահովելու համար»,- ասել է Աքարը։
Անդրադառնալով թեմային՝ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ձեռնպահ է մնացել բանակցությունները մեկնաբանելուց՝ հորդորելով սպասել Ստամբուլից նորությունների։
ԻՆՋԵՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻՆ
Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հանել է իր թեկնածությունը: Ըստ թուրքական մամուլի՝ այս որոշումը պայմանավորված է ընդդիմության կողմից ճնշումով, որը Ինջեին մեղադրում էր ընդդիմադիր 6 ուժերի դաշինքի կողմից առաջադրված միասնական թեկնածուին՝ Քեմալ Քըլչդարօղլուին խանգարելու համար:
«Ես հանում եմ իմ թեկնածությունը, թող ինձ մեղադրելու այլ պատճառ չունենան: Քվեարկեք մեր կուսակցության օգտին, մեր կուսակցությունը պետք է լինի խորհրդարանում»,- հայտարարել է Ինջեն։
Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախագահի պաշտոնի համար արդեն պայքարում է երեք թեկնածու՝ գործող նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն և ազգայնական «Աթա» կուսակցության թեկնածու Սինան Օղանը:
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է G7-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Այսօր Ճապոնիայում մեկնարկել է G7-ի երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը: Եռօրյա հավաքի ընթացքում ֆինանսական առաջնորդները կքննարկեն Ուկրաինայում շարունակվող հակամարտության ֆինանսական ազդեցությունը, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներն ավելի արդյունավետ դարձնելու և Ուկրաինային շարունակական աջակցություն տրամադրելու ուղիները: Եռօրյա հանդիպումների արդյունքները կներկայացվեն G7-ի գագաթնաժողովում, որը մեկնարկելու է մայիսի 19-ին Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում: