100 հազար դրամ միանվագ օգնություն՝ ևս 50 հազար դրամ ավելացնելու հնարավորությամբ: Կառավարությունը սահմանել է պատժի կրումից հետո դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության չափը: Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի գնահատմամբ՝ դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացը բերվում է նոր իրավական հարթություն:
Գարիկ Աբելյան (ՀՀ ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ) - Մինչև ազատվելու պահը իրականացվելու է քրեակատարողական հիմնարկի սոցիալական աշխատողների կողմից գնահատում, այսինքն` վեր են հանվելու նախկին դատապարտյալի խնդիրները, որոնք որ հասարակության մեջ կարող է նա ունենա, ու այդ կարիքների վերհանման հիման վրա դատապարտյալին տրվելու է խորհրդատվություն` սոցաշխատողի կողմից, այսինքն` առկա իրավիճակի վերլուծության հիման վրա նրան պարզաբանվելու է` սոցաջակցության որ տեսակը իրեն հարմար կլինի, ինչ ծավալի գումար է նախատեսվել, դրա հիմքում դրված է այն, որ այդ աջակցությունը չլինի ինքնանպատակ:
2024 թվականի հունվարի մեկից ևս մեկ կարգավորում կգործի. ճաղերից դուրս նոր կյանք սկսող նախկին դատապարտյալներին անհրաժեշտության դեպքում վեց ամսով կացարանի գումար կհատկացվի, որպեսզի քաղաքացին ավելի արագ կարողանա վերաինտեգրվել հասարակությանը: Այս ծրագրից կօգտվեն միայն կացարան չունեցող նախկին դատապարտյալները:
Գարիկ Աբելյան - Դրված է այն գաղափարը, որ շատ դատապարտյալներ, դուրս գալով բանտից, հեռու մնան այն գաղափարից, որ հետադարձ ճանապարհ կարող է լինել դեպի ՔԿՀ: Դեպքեր են լինում, երբ, օրինակ, դատապարտյալը ՔԿ հիմնարկից դուրս գալով, չունենալով օթևան ու լինելով ծանր պայմաններում` ստիպված դիմում է հանցագործության, որ հետ վերադառնա: Մեր քայլերը դա կանխելու համար են, և հաջողելու դեպքում մենք կունենանք կրկնահանցագործության թվի զգալի նվազում:
Ինչպես կարելի է օգտվել սոցիալական աջակցությունից, արդարադատության նախարարությունից պարզաբանում են՝ քրեակատարողական հիմնարկների սոցաշխատողները ոչ միայն կարիքների գնահատում են իրականացնելու, այլև դատապարտյալների համար փաթեթից օգտվելու խորհրդատվություն են անցկացնելու, և դատապարտյալի դիմումի հիման վրա օգնությունը տրամադրվելու է: Կլինեն դեպքեր, երբ դատապարտյալը կօգտվի և՛ միանվագ օգնությունից, և՛ կացարանի վարձավճարից:
Գարիկ Աբելյան - ՔԿՀ պետը պետք է ներկայացնի պատճառաբանված որոշում, պետք է տրվեն դատապարտյալի գույքային դրությունը, ընտանեկան վիճակ և այլն, որը կփաստի, որ դատապարտյալը ունի դրա կարիքը:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է՝ գրեթե բոլոր ժամանակակից երկրները ունեն նման կարգավորում: Այդ կերպ պետությունը փորձում է կանխել կրկնահանցագործությունները: Ի դեպ, տարեկան կտրվածքով 300-400 դատապարտյալ է ազատ արձակվում: 2022 թ-ին թիվը եղել է 374: