Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնում են՝ մայիսի 5-ին հանձնաժողովում քննարկվել է «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության մասին» հարցը և հաշվի առնելով մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված թվով 5 (հինգ) թեկնածուների համաձայնությունը, Հանձնաժողովը որոշել է հաստատել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով.
1. Մարկ Գրիգորյան` բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող, բազմաթիվ գրքերի և գիտական աշխատությունների հեղինակ, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն.
2. Սոնա Հովհաննիսյան՝ արվեստագետ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի համահիմնադիր.
3. Անահիտ Աստոյան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող, գիտական աշխատությունների և բազմաթիվ գրքերի հեղինակ (ուսումնասիրության ոլորտը՝ Հայոց ցեղասպանություն, արևմտահայերի գործունեությունը Օսմանյան կայսրության զինված ուժերում, վարչական համակարգում, տնտեսական և մշակութային կյանքում).
4. Էմին Թորոսյան՝ պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն.
5. Նաղաշ Մարտիրոսյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան։
Նոր ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովը մայիսի 10-ին գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում անդամները բաց քվեարկության միջոցով Հանձնաժողովի նախագահ են ընտրել բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող, հաղորդավար Մարկ Գրիգորյանին։
Ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամները անվանի գործիչներ են արվեստի գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտում։
ՀՌՀ-ից նաև հայտնում են, որ նիստի ընթացքում որոշվել է Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը հրապարակել մայիսի 12-ին՝ Կառավարության, կարգավորող պետական մարմնի, ինչպես նաև հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջերում։