Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո վերադարձել է Անթալիա և օդանավակայանում մամուլի համար հայտարարությամբ հանդես եկել։
Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մասին՝ Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել են Կովկասում տեղի ունեցող՝ մասնավորապես Ադրբեջան-Հայաստան, Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումներին: Այս զարգացումները Թուրքիայի գլխավոր դիվանագետը քննարկել է նաև Իրանի արտգործնախարարի հետ:
Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին, հացահատիկային գործարքի երկարաձգման հարցին:
ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՔԱՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը դրական է գնահատել մոսկովյան քառակողմ հանդիպումը, հավելելով՝ հանդիպմանը առաջընթաց է գրանցվել Թուրքիայի և Սիրիայի տեսակետները մերձեցնելու հարցում: Մոսկվայից հեռանալուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Աբդոլլահիանը նշել է, որ այցի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ: Քննարկումներ են ծավալվել երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տնտեսական և առևտրային համագործակցության վերաբերյալ։ Հանդիպումներում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ Իրանի նախագահի առանձին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը:
Երեկ Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպման ավարտին Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ ընդգծել էին Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու, այդ երկրի ներքին գործերին չմիջամտելու և ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիային միջազգային օգնության ծավալները մեծացնելու անհրաժեշտությունը:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՌԴ ՎՐԱ
Ուկրիանայի նախագահը արևմտյան գործընկերներին կոչ է արել շարունակել պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ դրանք հստակ արդյունք են տալիս: Նրա համոզմամբ՝ պատժամիջոցները թուլացնում են զենք արտադրելու և կիրառելու Մոսկվայի հնարավորությունները:
Անդրադառնալով ռուսական ուժերի մոտ հրետանային արկերի դեֆիցիտի թեմային՝ Զելենսկին նշել է, որ դա ստիպում է ռուսական բանակին որոշ ուղղություններով նվազեցնել հրետակոծությունների ինտենսիվությունը։ Կիևում BBC-ի թղթակին տված բացառիկ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին պնդել է, որ Կիևը մայիսի 3-ին Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքով հարձակում չի իրականացրել։
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Փարիզում հանդիպել են Չինաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները: Ցին Գանը նշել է, որ Չինաստանը պատրաստ է աշխատելու Ֆրանսիայի հետ՝ կյանքի կոչելու նախագահ Սի Ծինփինի և Էմանուել Մակրոնի միջև ձեռք բերված համաձայնությունները, ինչպես նաև ակտիվացնելու գործակցությանը տարբեր ոլորտներում: Չինաստանի արտգործնախարարի խոսքով՝ Պեկինը միշտ աջակցել է Չինաստան-ԵՄ հարաբերություններին, որպեսզի դրանք լինեն անկախ և չենթարկվեն երրորդ կողմի:
Կոլոննան նշել է, որ Ֆրանսիա-Չինաստան հարաբերությունները վճռորոշ են, և երկու կողմերը պետք է լիովին վերսկսեն համագործակցության մեխանիզմները տարբեր ոլորտներում: Կողմերն անդրադարձել են նաև ուկրաինական հակամարտությանը և միջազգային կարևորության այլ թեմաների:
ԻՍՐԱՅԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՐՎԱԾՆԵՐԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԻՆ
Իսրայելը երրորդ օրն է շարունակում հարվածները Գազայում գտնվող «Իսլամական ջիհադի» խմբավորման թիրախներին, իսկ պաղեստինցի զինյալները շարունակում են հարյուրավոր հրթիռներ արձակել սահմանից այն կողմ: Իսրայելական կողմը հայտարարել է, որ Գազայից ավելի քան 500 հրթիռ է արձակել Իսրայելի տարածք, որոնցից մոտ 160-ը որսացել է իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը խոցել է անկլավում գտնվող արմատական իսլամական ջիհադ կազմակերպության ավելի քան 130 թիրախ։