ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողություններով, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է ապրիլի 26-30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցում, Արշակունյաց պողոտայում կատարված դանակահարության երեք դեպք։
Մասնավորապես, 2023 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 02:40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որովայնի հատվածում ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 37-ամյա բնակիչ, որը, նախնական տվյալներով, հիշյալ մարմնական վնասվածքն ստացել է Մայիսի 9-ի փողոցում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում առգրավվել են տեսագրութուններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է:
Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ ապրիլի 26-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Չեխովի փողոցի շենքերից մեկի բակում 37-ամյա տղամարդն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է առերևույթ հանցագործություն կատարած անձի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է պատճառել 37-ամյա տղամարդուն:
Վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգքրի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հարուցվել է հարնային քրեական հետապնդում։ Դատարան ներկայացնելու նպատակով վերջինիս ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել Ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնին:
***
Ապրիլի 26-ին՝ ժամը 23:15-ին, նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ կրծքավանդակի շրջանում կտրած, ծակած վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 19-ամյա բնակիչ:
Հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երիտասարդը ճանաչվել է տուժող:
Ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:00-ից, երիտասարդն ընկերների հետ գտնվել է Երևանի առևտրի կենտրոններից մեկի տարածքում, հանդիպել կենտրոնի աշխատակիցներից մեկին։ Նրանց միջև Կոմիտասի անվան պանթեոնի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում վերջինս երիտասարդին սուր կտրող-ծակող գործիքով պատճառել է մարմնական վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նշված առևտրի կենտրոնի 18-ամյա աշխատակից է: Վերջինս ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։
18-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար։
Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
***
Ապրիլի 30-ին Երևանի «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններից ահազանգ է ստացվել այն մասին, որ որովայնի հատվածի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1973 թ․ և 1977 թ․ ծնված՝ Երևան քաղաքի երկու բնակիչ, որոնք, ինչպես հետագայում է պարզվել, եղբայրներ են։
Նախաձեռնված վարույթի ընթացքում պարզվել է, որ նշված օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, նույն ռեստորանում ընթացող հարսանեկան արարողության մասնակիցների միջև ռեստորանի մոտ վեճ է տեղի ունեցել, որի ընթացքում Ն․Ս․-ն, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է վերոնշյալ երկու անձանց որովայնի շրջանին՝ նրանց առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք: Ն․Ս․-ն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և խոստովանել կատարվածը։
Վրջինս ձերբակալվել է, քննչական գործողության ընթացքում մատնացույց է արել դանակահարության վայրն ու դանակի նետման տեղանքը:
Ձեռք բերված փաստերի հիման վրա Ն․Ս․-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (երկու դրվագ), ներկայացվել է մեղադրանք։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանաքը:
Նշված երեք վարույթներով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: