Եվրամիությունը Վրաստանին կոչ է անում աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին ավիացիայի ոլորտում և թույլ չտալ ռուսական ինքնաթիռներին մուտք գործել իր տարածք: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ մեկնաբանելով Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու ՌԴ որոշումը։
«Եվրամիությունն արգելել է իր ավիաընկերությունների թռիչքները դեպի Ռուսաստան և նրա տարածքի վրայով և կոչ է անում մյուս երկրներին, այդ թվում՝ Վրաստանին, որը հավակնում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալ, միանալ այդ պատժամիջոցներին։ ԵՄ-ն նաև կոչ է անում Վրաստանին իր տարածք չթողնել ոչ անվտանգ ռուսական ինքնաթիռներ, քանի որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցները թույլ չեն տալիս ծառայություններ մատուցել Ռուսաստանին ամերիկյան և եվրոպական ինքնաթիռների լիցենզավորված սպասարկման գծով»,- ասել է Ստանոն։