Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 10-ին Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի նախաձեռնությամբ առցանց հանդիպում է ունեցել Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ինչպես տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից, նախարարը ներկայացրել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, անդրադարձել առաջացած հումանիտար և գոյաբանական խնդիրներին։
Խոսելով Հայրենիք-Սփյուռք կապի մասին՝ Սերգեյ Ղազարյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի հայ համայնքին՝ շրջափակումից ի վեր Արցախին ցուցաբերած նյութական օժանդակության համար։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած հանցավոր քաղաքականության մասին արտերկրում իրազեկվածության բարձրացման աշխատանքների նշանակությունը։
Հանդիպման ավարտին նախանշվել են փոխգործակցության հետագա ուղղությունները։