Զինված ուժերում ատեստավորման արդյունքում աշխատավարձերը կկրկնապատկվեն: Նախագիծն ընդունվեց Կառավարության՝ մայիսի 11-ի նիստի ընթացքում:
Նախագծով սահմանում են հավելավճարի չափեր՝ ըստ զինծառայողների՝ «բավարար», «լավ» կամ «գերազանց» գնահատականի:
ՀՀ վարչապետն ասաց, որ զորամասեր այցելելիս նախագծի վերաբերյալ կարծիքներ են լսել զինվորականներից, ըստ այդմ՝ նախագծում որոշակի փոփոխություններ են եղել:
«Օրինակ՝ սպայական կազմի համար «գերազանց»-ի դեպքում աշխատավարձը կավելանա 470 հազար դրամով: Այսինքն՝ սա հարկերը ներառյալ է. սա նշանակում է՝ եթե իրենք առանց հարկերի ստանում են, օրինակ, 350 հազար դրամ, ուրեմն ատեստավորումից հետո կստանան 700 հազար դրամ, եթե ստանում էին 400 հազար դրամ, կստանան 800 հազար դրամ»,- ասաց վարչապետը և հավելեց, որ կլինեն նաև «լավ» և «բավարար» գնահատականներ, «լավ»-ի դեպքում աշխատավարձը կբարձրանա 420 հազար դրամով, իսկ «բավարար»-ի դեպքում եղած աշխատավարձը կավելանա 230 հազար դրամով՝ հարկերը ներառյալ:
Մյուս կազմերի համար հավելումներով աշխատավարձը «գերազանց»-ի դեպքում 395 հազար դրամով կբարձրանա, «լավ»-ի դեպքում՝ 345 հազար, «բավարար»-ի դեպքում 205 հազար:
ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը հավելավճարների մասով կոնկրետ օրինակներ բերեց:
«Շարքային կազմը ատեստավորման «բավարար» գնահատական ստանալու պարագայում՝ մարտական հերթապահությունը ներառյալ, կստանա 321 հազար 910 դրամ (խմբ.՝ մաքուր աշխատավարձ), լավ-ի դեպքում՝ 430 հազար 910 դրամ, գերազանցի դեպքում՝ 470 հազար 910 դրամ»,- ասաց նա, ապա հավելեց, որ, օրինակ, գնդապետը բավարար գնահատականի դեպքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասում կստանա 737 760 դրամ, գերազանցի դեպքում՝ 923 260 դրամ:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հավելավճարների մասով որոշումը որոշակի աշխուժություն է մտցրել բանակում, զինվորականները պատրաստվում են ատեստավորման: Այս կերպ նպատակ ունեն բարձրացնել նաև պայմանագրային ծառայության գրավչությունը: