Ադրբեջանական սադրանքը նպատակ ունի նաև խաթարելու կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները:
«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաները օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար: Սա տեղի է ունենում հիմա, սա՛ է տեղի ունենում հիմա»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի երեկվա հաղորդագրությունները՝ հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասով, մտացածին են, որ նման տեղեկատվությունները հորինվում են իրադրությունը սրելու համար:
«Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով՝ տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով: Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով. որևէ միջադեպ չի գրանցվել, և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան հետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար»,- ասաց վարչապետը և կրկնեց՝ իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է, բանակցությունների ընթացքը խաթարելը:
Ըստ Փաշինյանի՝ սա Ադրբեջանի միակ նպատակը չէ: Մյուս նպատակը Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման փաստից միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը:
«Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ժամը 10:25-ի դրությամբ հայկական կողմն ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: