ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ ԲԱՆԱԿՈՒՄ
Բանակում ատեստավորմումը նոր ձևաչափով կիրականացվի: Կառավարությունը հաստատեց փոփոխությունը, ըստ որի՝ հավելավճարները կհաշվարկվեն թեստային քննության, նաև կրակային շարային, ֆիզիկական պատրաստության ստուգման արդյունքում ստացած գնահատականների հիման վրա: Կլինի եռաստիճան համակարգ՝ «գերազանց», «լավ» ու «բավարար»՝ զեկուցեց ոլորտի ղեկավարը:
Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Ըստ այդմ՝ առաջարկվում է սպայական կազմի հավելավճարների չափերը «գերազանցի» դեպքում ՝ 470 հազար դրամ, «լավի» դեպքում՝ 420 հազար դրամ, «բավարարի» դեպքու մ՝ 230 հազար դրամ: Մյուս կազմերի հավելավճարների չափերն են՝ «գերազանց»՝ 395 հազար դրամ, «լավ»՝ 345 հազար դրամ, «բավարար»՝ 205 հազար դրամ:
Պապիկյանը հստակեցրեց՝ սա չհարկված չափն է, հավելումը կախված է նաև մի շարք հանգամանքներից: Որ բարձրացման չափը հստակ լինի, օրինակով խոսեց՝ մաքուր աշխատավարձի չափ նշեց:
Սուրեն Պապիկյան - Օրինակ՝ գնդապետը «բավարար» գնահատականի դեպքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասում կստանա 737 հազար դրամ, «գերազանցի» դեպքում՝ 923 հազար 260 դրամ:
Փոփոխությունը կարևորեց նաև վարչապետը, ասաց՝ դրա պահանջը եկել էր այս ընթացքում զինվորականության հետ հանդիպումներից: Նկատում է՝ զինված ուժերն ակտիվ պատրաստվում են ատեստավորման: Կարծում է՝ նոր մոդելը կբարձրացնի պայմանագրային ծառայության գրավչությունը:
Նիկոլ Փաշինյան - էս ճկունությունը ճիշտ տարբերակ է, որպեսզի մարդիկ էս փուլում իրենց արդյունքների համար այնուամենայնիվ ստանան հավելումներ, և հաջորդ փուլերում արդեն նրանք կարող են իրենք էլ հայտ ներկայացնել ավելի բարձր որակավորում ստանալու համար, և էդպես շարունակ:
2022-ԻՆ ՕՏԱՐՎԵԼ Է 20.7 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԳՈՒՅՔ
Զեկուցվող հաջորդ հարցով գործադիրը հաստատեց պետական գույքի կառավարման 21-23 թվականների ծրագրի կատարման նախորդ տարվա հաշվետվությունը: 2022-ին ընդհանուր օտարվել է 20.7 միլիարդ դրամի գույք, դրանց մի մասի համար վճարումը հնգամյա գրաֆիկով է սահմանված՝ ներկայացրեց նախարար Սանոսյանը: 20.7-ից 8.9 միլիարդն արդեն մուտք է եղել:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - 20.44, որից 7.6-ը՝ պետական բյուջե, 1 միլիարդը՝ համայնքային, մնացածը՝ ՊՈԱԿ-ների բյուջեներ:
Ընդհանուր՝ 17 անշարժ գույք է օտարվել, 102 ավտոմեքենա, տարաժամկետ վճարման տարբերակով պետական գույք ձեռք բերած ընկերություններն էլ, ըստ նախարարի, պարտավորվել են 83 միլիարդից ավելի ներդրումներ իրականացնել: Ծրագիրը նպաստել է նաև միջոցների խնայմանը: 16 տարածք տրամարդրվել է պետական մարմիններին, նրանք էլ վարձակալության գումար չեն տա, 60 տոկոս ելքերը կպակասեն: Ամփոփելով 22-ի տվյալները՝ ոլորտի ղեկավարն էլ նկատեց.
Առնակ Ավետիսյան (ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ) - Մրցակցության մակարդակն է էականորեն բարձրացել՝ պետական գույքի օտարման աճուրդների ու մրցույթների, որի արդյունքում գույքերն օտարվում են իրենց մեկնարկային արժեքներից բավականին բարձր գներով: Մենք, օրինակ, մեքենաների վրա տեսնում ենք էդ ցուցանիշները, գրեթե կրկնապատկվում են մեկնարկային գներից արժեքները, ինչը նաև վերաբերում է անշարժ գույքերին:
Կլինի օտարում, վարձակալություն կամ պետական գույքի կառավարման կոմիտեի հետ ցանկացած գործարք, առաջիկայում կիրականացվի թվայանցված՝ մանրամասնեց Ավետիսյանը: Հաշվետվության թվերը որակելով տպավորիչ՝ վարչապետն էլ կարևորեց պետական գույքի արդյունավետ կառավարումը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Լա՞վ ա, որ պետական գույքը օտարում ենք, թե՞ վատ: Միանշանակ լավ է: Ինչու. օտարվում է էն պետական գույքը, որ էս պահին կոնկրետ արդյունք և արժեք չի բերում պետությանը, այսինքն՝ մենք ունենք տասնյակ շենքեր, եթե ոչ ավելի, որոնք միակ բանը որ անում են՝ արևի, անձրևի, քամու ազդեցության ներքո մաշվում են, և մենք էդ գույքը պետք է օտարենք, և շատ կարևոր է էստեղ, ես կկարևորեմ ոչ միայն էն գինը, որը ձեռքբերողները վճարում են պետությանը, այլև այն ներդրումային ծրագիրը, որ նրանք էնտեղ իրականացնում են:
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարական կաբինետը միաձայն հաստատեց նաև Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը: Ծավալուն փաստաթղթում մինչև 2035 թվականը երեք հիմնական նպատակ է դրված՝ երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանի ստեղծում, ընդերքի օգտագործման ու պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացում, հանքարդյունաբերության ոլորոտում միջազգային ստանդարտների կիրառում: Տարածքային կառավարման նախարարի խոսքով՝ սա ոլորտի համար առաջին նման ռազմավարությունն է:
Գնել Սանոսյան - Փաստաթուղթը բավական լայն քննարկում է ունեցել, 22 բանավոր հանդիպումներ-քննարկումներ են եղել, շուրջ հազար առաջարկներ, մենկաբանոթյուններ են եղել տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, միջազգային գործընկերների հետ:
Հանքարդյունաբերությունից պետության օգուտը պետք է հնարավորինս մեծ լինի՝ նշեց վարչապետը, հիշեցրեց նաև բնապահպանական ռիսկերի կառավարման մասին: Ոլորտի թիվ մեկ ընկերության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի թվերը մեջ բերեց՝ 2022-ին ռեկորդային՝ 145 միլիարդ 536 միլիոն դրամի հարկ է վճարվել բյուջե:
Նիկոլ Փաշինյան - 2022-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատը ավելի շատ հարկ է վճարել, քան 2013, 14, 15, 16, 17 թվականներին միասին վերցրած, հլը գումարած 2020 թվականին վճարած հարկերը, այսինքն՝ մի տարում գործնականում 6 տարվա չափ հարկ է վճարել:
Վարչապետը հիշեցրեց, որ 2019-ին ու 20-ին կոմբինատի հարկերը նվազել էին, ասաց՝ 19-ին էր, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս էր ձեռք բերել ընկերությունում, պաշտոնյան հեռացվել էր աշխատանքից: Վարչապետը ներկայացրեց նաև վիճակագրական վերջին տվյալները պետբյուջեի հարկային եկամուտների վերաբերյալ: Ապրիլին մոտ 297 միլիարդի մուտք է եղել:
Նիկոլ Փաշինյան - Ապրիլին հավաքվածը ավելին է, քան 2000, առանձին վերցրած, 2001, 2002, 2003, 2004 տարեկան բյուջեները, այսինքն՝ մենք մի ասում հավաքել ենք ավելի շատ գումար, ընդ որում՝ որոշ դեպքում էականորեն:
4 ամսվա՝ 758.1 միլիարդ դրամի մուտքերն էլ, ըստ Փաշինյանի, գերազանցում են 2000-2010 թվականների տարեկան բյուջեները առանձին-առանձին վերցրած: