Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին մարդասիրական տեսանկյունից ողջունել է մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար ՌԴ մուքտի արտոնագրի չեղարկման մասին նախագահ Պուտինի որոշումը: Նա պարզաբանել է, որ Ռուսաստանում միլիոնից ավելի վրացիներ են ապրում, որոնք Վրաստանում բնակվող հարազատներ, ընտանիքի անդամներ ունեն և սերտ կապերի մեջ են նրանց հետ: Ըստ նախարարի՝ վիզային ռեժիմի չեղարկումը կպարզեցնի վրացի քաղաքացիների կենցաղային պայմանները: Նա նաև նշել է, որ որոշումը կայացրել է ռուսական կողմը:
Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ Վրաստանի բնակչության մեծ մասը ողջունում է այդ որոշումը:
Սակայն հանրապետության նախագահն ու ընդդիմությունը բացասական են արձագանքել Ռուսաստանի այդ քայլին: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այն անվանել է սադրանք:
«Հերթական ռուսական սադրանքը։ Ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը և Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումն անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայում և օկուպացնում է մեր տարածքը»,- գրել է նա Twitter-ում։
Ընդդիմությունը հայտարարել է, որ Պուտինն այդ որոշումով պարգևատրում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն իր հակաարևմտյան քաղաքականության համար: Ընդդիմությունը որոշումը համարել է Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմի ևս մեկ տարր և համոզված է, որ այն կխանգարի Վրաստանին ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ: