ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԳՐԱՆՑՎԵԼ. ԲԱՅՐԱՄՈՎ
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է՝ Երևանը և Բաքուն մայիսի 1-4 -ը Վաշինգտոնում կայացած քննարկումների ընթացքում առաջընթաց են գրանցել:
«Խաղաղության պայմանագրի շուրջ բավականին ինտենսիվ քննարկումներ են եղել, որոնք հասցեագրել են մի շարք կետեր ու կարևոր պահեր։ Չեմ կարող ասել, թե բոլոր կետերի մասով պայմանավորվածության ենք եկել։ Կողմերը շատ հարցերում բավականին տարբեր դիրքորոշումներ ունեն, սակայն պայմանագրի որոշ կետերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Դեպի առաջ ևս մեկ քայլ ենք արել»,- մանրամասնել է Ջեյհուն Բայրամովը։
Նա նաև հավելել է, որ Բաքուն դրական է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Բրյուսելում մայիսի 14-ին նախատեսված հանդիպումը:
«Այն պետք է դիտարկել որպես Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի անբաժանելի մաս», - ընդգծել է ադրբեջանցի դիվանագետը։
ՊՈՒՏԻՆԸ ՉԵՂԱՐԿԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ
Վլադիմիր Պուտինը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը և ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստան թռիչքների արգելքը։ Ըստ ՌԴ նախագահի հրամանագրի՝ 2023 թվականի մայիսի 15-ից 90 օրով Ռուսաստան այցելելու համար Վրաստանի քաղաքացիները վիզայի կարիք չեն ունենա։ ՌԴ ԱԳՆ-ն էլ չեղարկել է Վրաստան այցից խուսափելու՝ ռուսաստանցիներին ուղղված հորդորը:
Վրաստանի նախագահն արձագանքել է:
«Մեր երկրի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և ուղիղ ավիափոխադրումների արգելքի վերացումն անընդունելի է, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայի դեմ և օկուպացված է պահում մեր տարածքները: Սա սադրանք է», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Վրաստանի արտգործնախարարը, սակայն, ողջունել է Մոսկվայի նախաձեռնությունը: Իլյա Դարչիաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանում բնակվում է ավելի քան մեկ միլիոն վրացի, որոնք սերտ կապեր ունեն Վրաստանի հետ:
«Ցանկացած պատասխանատու կառավարություն մարդասիրական տեսանկյունից կարող է միայն ողջունել նման որոշումը»,- նշել է պաշտոնյան։
Մինչ այդ լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանում բողոքի ակցիա է սկսվել՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման և վիզային ռեժիմի վերացման:
ՖՐԱՆՍԻԱՆ «ՎԱԳՆԵՐԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է ՃԱՆԱՉԵԼ
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները քվեարկել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցանկում ընդգրկելու օգտին։ Բանաձևը հիմնվում է գերմանական հետախուզական ծառայությունների տվյալների վրա, որոնց համաձայն՝ «Վագներ»-ի խումբը մասնակցել է Բուչայում խաղաղ բնակիչների սպանություններին:
Մինչ այդ, «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հերթական անգամ բողոքել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը զինամթերք չի տրամադրում Ուկրաինայում կռվող իր զինվորականներին՝ չնայած ավելի վաղ տված խոստումներին: Նրա խոսքով՝ քաղաքի ուղղությամբ ուկրաինացիները առաջ են շարժվում, ռուսական կողմը 3 կմ հետ է մղվել: Նա զգուշացրել է, որ ուկրաինական ուժերը մոտ ապագայում կանցնեն հակահարձակման:
ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԻՆ
Իսրայելի պաշտպանության բանակը երեկվանից հարվածներ է հասցնում Գազայի հատվածին: Այսօր ևս թիրախավորվել են «Իսլամական ջիհադ» ջոկատը և խմբավորման հրթիռային համակարգերը: Al Jazeera-ի տվյալով՝ կան զոհեր և վիրավորներ:
Իսրայելի Զինված ուժերից ավելի վաղ հայտնել էին, որ իսրայելցի զինվորականները սկսել են «Վահան և նետ» գործողությունը, որի շրջանակում խոցվել է «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման 10 օբյեկտ, որոնք, իսրայելական կողմի պնդմամբ, օգտագործվում են ահաբեկչական նպատակներով: Լրատվամիջոցները հայտնում են, որ ներկա պահին պայթյուններ են լսվում Թել-Ավիվում: Նշվում է, որ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 60 հրթիռ է արձակվել:
Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իսրայելի դեմ հարձակումների 95%-ի համար պատասխանատու է Իրանը։
«Մեր պաշտպանության բանակը պատրաստվում է դիմակայության մի քանի ճակատով», - շեշտել է վարչապետը։
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ
Պակիստանում նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Իմրան Խանի ձերբակալությունից հետո երկրում զանգվածային անկարգություններ են, ցուցարարները ներխուժել են մի շարք զորամասերի տարածքներ, այրել իշխող կուսակցության գրասենյակներից մեկը, հարձակվել պատգամավորների տների վրա: Իրավապահների և քաղաքացիների միջև բախումներ են եղել, լրատվամիջոցների տվյալով՝ երկու կողմից էլ կան տասնյակ տուժածներ, հաղորդվում է զոհերի մասին, 1000-ից ավելի մարդ ձերբակալվել է։ ԶԼՄ-ների տվյալով՝ ցուցարարները զինապահեստներ են թալանում և փորձում ներխուժել Իսլամաբադ: Պակիստանի կառավարությունը ցույցերի ֆոնին սահմանափակել է երկրում մի շարք սոցիալականն հարթակների և հեռուստաընկերությունների հասանելիությունը:
Հիշեցնենք, որ Իմրան Խանին մեղադրում են Պակիստանի պետական գանձարանից արժեքավոր իրեր վաճառելու և վարչապետի պաշտոնում ստացած նվերների մասին չծանուցելու համար։
ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ ԹՐԱՄՓԻՆ
Նյու Յորքում երդվյալ ատենակալների դատարանը բավարարել է լրագրող և գրող Էլիզաբեթ Քերոլի քաղաքացիական հայցը և մեղավոր ճանաչել Դոնալդ Թրամփին: Լրագրողը ԱՄՆ նախկին նախագահին մեղադրում է 1996 թվականին կատարած սեռական ոտնձգությունների համար: Մեղադրական որոշում է կայացվել նաև զրպարտության փաստով: Դատավորները վճռել են, որ Թրամփը զրպարտել է Քերոլին, երբ փորձել է հերքել լրագրողի մեղադրանքները:
Դատարանը Թրամփին պարտավորեցրել է 5 միլիոն դոլար փոխհատուցում վճարել Էլիզաբեթ Քերոլին: Թրամփը երդվյալ ատենակալների որոշումը արդարադատության ծաղր է անվանել: