ՖՐԱՆՍԻԱՆ «ՎԱԳՆԵՐԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է ՃԱՆԱՉԵԼ
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները քվեարկել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցանկում ընդգրկելու օգտին։ Բանաձևը հիմնվում է գերմանական հետախուզական ծառայությունների տվյալների վրա, որոնց համաձայն՝ Վագների խումբը մասնակցել է Բուչայում խաղաղ բնակիչների սպանություններին: Փաստաթղթում նշվում է նաև, որ ռուսական ընկերությունը պատերազմական հանցագործություններ է կատարել Սիրիայում և աֆրիկյան մի շարք երկրներում։
Մինչ այդ, «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հերթական անգամ բողոքել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը զինամթերք չի տրամադրում Ուկրաինայում կռվող իր զինվորականներին՝ չնայած ավելի վաղ տված խոստումներին: Նա զգուշացրել է՝ «Վագների» խումբը դուրս կգա Բախմուտից մայիսի 10-ին, եթե իրենց բավականաչափ արկեր չտրամադրեն: Պրիգոժինի խոսքով՝ քաղաքի ուղղությամբ ուկրաինացիները առաջ են շարժվում, ռուսական կողմը 3 կմ հետ է մղվել: Նա զգուշացրել է, որ ուկրաինական ուժերը մոտ ապագայում կանցնեն հակահարձակման:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ՊԼԱՆԸ ԴԵՌ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԷ
Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ երկրի ԶՈՒ հակահարձակման վերջնական պլանը դեռ հաստատված չէ, ներկայումս քննարկվում են տարբեր սցենարներ։ Ալեքսի Դանիլովի խոսքով՝ ժամկետների և ուղղությունների վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի Վոլոդիմիր Զելենսկին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտարարել էր, որ հակահարձակումը չի ենթադրում մեկ որոշիչ ճակատամարտ: Միխայլո Պոդոլյակի խոսքով՝ այն կարող է տևել ամիսներ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ նշել է, որ Ուկրաինան արդեն ունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ հակահարձակման անցնելու համար:
ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԻՆ
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում տեղակայված արմատականների ջոկատին՝ հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Al Jazeera-ի տվյալով՝ հարձակման հետևանքով առնվազն երկու պաղեստինցի է զոհվել, կան վիրավորներ:
Իսրայելի զինված ուժերից ավելի վաղ հայտնել էին, որ իսրայելցի զինվորականները սկսել են «Վահան և նետ» գործողությունը, որի շրջանակում խոցվել է «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման 10 օբյեկտ, որոնք, իսրայելական կողմի պնդմամբ, օգտագործվում են ահաբեկչական նպատակներով:
Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ, անդրադառնալով գործողությանը, հայտարարել է՝ «Ով փորձի մեզ վնասել, կոչնչացվի: Մենք կգտնենք բոլոր ահաբեկիչներին»: Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելի դեմ հարձակումների 95%-ի համար պատասխանատու է Իրանը։ «Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է դիմակայության մի քանի ճակատով»,- շեշտել է վարչապետը։
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ
Պակիստանում նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Իմրան Խանի ձերբակալությունից հետո երկրում զանգվածային անկարգություններ են, ցուցարարները ներխուժել են մի շարք զորամասերի տարածքներ, այրել իշխող կուսակցության գրասենյակներից մեկը, հարձակվել պատգամավորների տների վրա: Իրավապահների և քաղաքացիների միջև բախումներ են եղել, լրատվամիջոցների տվյալով՝ երկու կողմից էլ կան տուժածներ:
Պակիստանի կառավարությունը ցույցերի ֆոնին սահմանափակել է երկրում Youtube, Facebook և Twitter հարթակների հասանելիությունը, իսկ հեռուստաընկերություններին հանձնարարվել է դադարեցնել հեռարձակումը Պակիստանի խոշոր քաղաքներում։
Հիշեցնենք, որ Իմրան Խանին մեղադրում են Պակիստանի պետական գանձարանից արժեքավոր իրեր վաճառելու և վարչապետի պաշտոնում ստացած նվերների մասին չծանուցելու համար։ Նախորդ տարի ընտրական հանձնաժողովը Խանին զրկել էր պատգամավորական մանդատից։
ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ ԹՐԱՄՓԻՆ
Նյու Յորքում երդվյալ ատենակալների դատարանը բավարարել է լրագրող և գրող Էլիզաբեթ Քերոլի քաղաքացիական հայցը և մեղավոր ճանաչել Դոնալդ Թրամփին: Լրագրողը ԱՄՆ նախկին նախագահին մեղադրում է 1996 թվականին կատարած սեռական ոտնձգությունների համար:
Մեղադրական որոշում է կայացվել նաև զրպարտության փաստով: Դատավորները վճռել են, որ Թրամփը զրպարտել է Քերոլին, երբ փորձել է հերքել լրագրողի մեղադրանքները: ԱՄՆ նախկին նախագահը, իր հերթին, պնդում է, որ երբեք չի հանդիպել Քերոլին:
Դատարանը Թրամփին պարտավորեցրել է 5 միլիոն դոլար փոխհատուցում վճարել Էլիզաբեթ Քերոլին՝ 2 միլիոն՝ սեռական ոտնձգությունների և 3 միլիոն՝ զրպարտության համար:
Թրամփը երդվյալ ատենակալների որոշումը արդարադատության ծաղր է անվանել: