Արտադրող և ծառայություն մատուցող ընկերությունների համար որակի ամենամյա մրցանակաբաշխություն կկազմակերպվի: էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է շրջանառության մեջ դրել, ըստ որի` ամենամյա մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել արտադրող կամ ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Մրցույթը մինչև 200 և 200-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար է: Սահմանված են տարբեր չափանիշներ և բաղադրիչներ, որոնց բավարարելու դեպքում մասնակիցը կարող է մինչև 1000 միավոր ստանալ:
Ժաննա Զաքարյան (ՀՀ ԷՆ որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության պետ) - Կարգով նախատեսվում է 2 փուլ՝ փաստաթղթային փորձաքննություն, որի համար ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից ձևավորվելու է համապատասխան գնահատման աշխատանքային խումբ, որոնց կողմից ուսումնասիրվելու են ներկայացված փաստաթղթերը և գնահատման արդյունքում հետագայում արդեն այն կազմակերպությունները, որոնք որ կհաղթահարեն առաջին փուլը և կանցնեն 2-րդ փուլ, կգնան այնտեղ տեղում գնահատում կիրականացնեն:
Բոլոր հավակնորդ կազմակերպությունների մասին տվյալները հետագայում կներկայացվեն հանձնաժողովին, իսկ որակի համաշխարհային օրը հանդիսավոր միջոցառմամբ կամփոփվեն մրցույթի արդյունքները:
Ժաննա Զաքարյան - Այն կազմակերպությունը, որը կճանաչվի հավակնորդ` մրցականաբաշխության արդյունքում, հնարավորություն կունենա ԱՊՀ շրջանակներում ևս մասնակցություն ունենալ նմանատիպ մրցանակաբաշխության:
Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ սրանով ակնկալվում է ձևավորել առողջ մրցակցության գործընթաց, խթանել արտահանումը:
Արսեն Ղազարյան (Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ) - Հայկական գործարարությունը կարիք ունի ցույց տալու իր ցուցանիշները, գովերգվելու, մրցակցային դաշտում համեմատվելու իր ոլորտի գործընկերների հետ:
Մասնակցության փուլերի համար կազմակերպությունները որոշակի գումար կվճարեն՝ առաջին փուլում 100-ից 150, իսկ երկրորդում՝ 300-ից 350 հազար դրամ, ինչը հիմնականում փորձաքննության, գնահատում իրականացնելու ծախսերի համար է: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը նշում է՝ սահմանված գումարը առնվազն միջին և խոշոր բիզնեսի համար մեծ չէ:
Արսեն Ղազարյան - Պետության կողմից այդ գնահատականը լրջացման պահ ունի, և որքան էլ ասեն` ազատական շուկա ենք, մասնավոր տնտեսությունը մրցակցությամբ կամ վայրի կապիտալիզմի օրենքներով է գնում, պետությունը ունի լուրջ գործառույթ և, այո, գործարարները, այդ թվում` քաղաքացիները, կարիք ունեն, որ պետության կողմից կատարվի անաչառ ընտրություն, գնահատական, պարգևատրում և շոյանք:
Որոշման նախագիծը հանրային քննարկման է դրված, եթե գործընթացը բարեհաջող ավարտվի, և կառավարությունը հաստատի, ապա էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է այս նոյեմբերին անցկացնել առաջին մրցականաբաշխությունը:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան