Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 150-րդ օրվա տեղեկագիրը:
Օրվա վիճակագրական թարմացումներ
-
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1220 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 5 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։
-
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար (իսկ վերջին օրերին ԿԽՄԿ միջոցով հիվանդների տեղափոխման անհնարինության պատճառով ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել է ևս 2՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդ)։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։
-
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
-
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 200 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (150 օրվա ընթացքում մարդկանց 367.500-ի փոխարեն՝ 1839 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 5 օրում գրանցվել է քաղաքացիների 2 ելքի և մուտքի դեպք՝ չհաշված ՌԴ խաղաղապահների բեռնատարների վարորդներին):
-
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 54 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (150 օրվա ընթացքում 138.000-ի փոխարեն՝ 2558 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 5 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 51 մուտք և ելք:
-
Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (150 օրվա ընթացքում մոտ 60.000 տոննայի փոխարեն՝ 4623 տոննա, որից վերջին 5 օրվա ընթացքում՝ միայն 131 տոննա):
-
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 84 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 121 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
-
860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20.1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
-
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10.300 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
-
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
-
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 285 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 32 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: