Ռազմական բժշկից՝ արհեստական բանականության մասնագետ, ճանապարհը Ալբերտ Մեյրոյանն անցել է 1.5 տարվա ընթացքում: Հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած իր մյուս ընկերների հետ այժմ աշխատում է աշխարհում դեռ շատ չտարածված նախագծի վրա. ստեղծում են տարածության մեջ ինքնուրույն կողմնորոշվող անօդաչու սարքեր:
Ալբերտ Մեյրոյան (ծրագրի մասնակից) - Առայժմ չկան ինքնակառավարվող այնպիսի դրոններ, մանավանդ` Հայաստանում, որոնք կկարողանան կատարել ցանկացած տեսակի աշխատանք, բայց մենք տվյալ աշխատանքով փորձում ենք ստեղծել հենց ինքնակառավարվող դրոնը:
Ֆինանսական ծառայության նախկին սպա Գեորգի Սահակյանն էլ ուսումնասիրում է օդային լուսանկարների միջոցով օբյեկտի հայտնաբերման հնարավորությունները:
Գեորգի Սահակյան (ծրագրի մասնակից) - Թույլ է տալիս հասկանալ` տվյալ տրանսպորտային միջոցը որ կետում է եղել, հաջորդ րոպեին որ կետում է: Օբյեկտի ճանաչելուց հետո ֆիքսում է նրա տեղափոխությունը:
Զինհաշմանդամների համար արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և վեբ-ծրագրավորման դասընթացներն իրականացնում են «Մտքի զարկ» և «ՍԱՍՏԻԿ» կազմակերպությունները: Ծրագրի տեսական փուլը սկսվել է 2021 թվականի հոկտեմբերին, գործնականը՝ նախորդ տարվա նոյեմբերին:
Վարազդատ Ավետիսյան («ՍԱՍՏԻԿ» կազմակերպության արհեստական բանականության աշխատանքային խմբի անդամ) - Այս ծրագրի նպատակն էր արդեն ուսումնառություն, որոշակի գիտելիքների մակարդակ ունեցող խմբի հետ աշխատել, աշխատել իրական նախագծերի վրա, որոնք բերված են աշխատաշուկայից, որոնք ունեն կիրառական և հետազոտական նշանակություն:
Ծրագրի 30 մասնակիցներին նորագույն տեխնոլոգիաներին են ծանոթացնում ոչ միայն տեղացի, այլև արտերկրում բնակվող հայ մասնագետները: Դասընթացը դեռ չի ավարտվել, բայց մասնակիցների մեծ մասն արդեն նոր մասնագիտությամբ աշխատելու առաջարկ ունի մասնավոր ոլորտից:
Լիլիթ Սահակյան («Մտքի զարկ» ՀԿ տնօրեն) - Հրավիրում ենք մասնագետների` ոլորտի հետ կապված, և պետական ոլորտից, և մասնավոր ընկերություններից տարբեր մասնագետների, առաջարկներ լինում են տարբեր ոլորտներից, տարբեր տեղերից: Արդեն քննարկումների արդյունքում որոշում ենք՝ տղաները որտեղ կարող են աշխատել:
Դասընթացն իրականացնողները նախատեսում են մարտի 1-ից հավաքել տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրվողների նոր խումբ, այս անգամ ծրագրին մասնակցելու հնարավորություն կունենան նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների ընտանիքների անդամները:
Հեղինակ` Նորայր Շողիկյան