Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը, հաղթանակներ են տարել քառորդ եզրափակչում և դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն ԱԱ-ի 1/4 եզրափակչում մենամարտել է Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ հաղթել 5:0 հաշվով: Բաչկովն ԱԱ-ի 1/8 եզրափակչում ավելի վաղ 5:0 հաշվով առավելության էր Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի նկատմամբ:
ԱԱ-ում առնվազն բրոնզե մեդալ է ապահովել նաև 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում մենամարտել է իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ և 4:0 հաշվով կամային հաղթանակ տարել: Հայ բռնցքամարտիկը ավելի վաղ մենամարտել էր նաև իրանցի Պուրիա Ամիրիի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ 5:0 հաշվով հաղթանակ տարել:
Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը ռինգ դուրս կգա երեկոյան մրցահերթում՝ ժամը 17:00-ից: Հովհաննիսյանը կիսաեզրափակչի ուղեգրի համար կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ:
86 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հովհաննիսյանն ավելի վաղ ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Քոչի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ԱԱ-ին մասնակցում է Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: