ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս կայացել է Հայաստանի պարաբազկամարտի առաջնությունը, որին ավելի քան 70 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից:
Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով: Մասնակիցներից 26-ը եղել է զինհաշմանդամ:
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ առաջնությունը բավական մրցունակ կազմ է հավաքել, տպավորել են հատկապես երիտասարդ՝ 14-23 տարեկան մարզիկները, որոնք բավական լավ են հանդես եկել և բարձր մրցակցություն ապահովել:
Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը, որը հունիսի 8-18-ն ընդլայնված կազմով կմասնակցի Մոլդովայում կայանալիք Եվրոպայի բազկամարտի առաջնությանը:
Նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը՝ հայ մարզիկներն ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Երևանում և Ծաղկաձորում: