Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 6.3 տոկոս, ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ՝ 8.8, հագուստ և կոշիկ 7.3: Այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գնաճը կազմել է 6.2 տոկոս: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է գնաճի թարմացված տվյալները: Նախորդ ժամանակահատվածի միտումը շարունակվում է, և ամեն ամիս գնաճի տեմպը թուլանում է:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Գլխավոր գործոններից մեկը պարենի համաշխարհային գների նվազումն է. եթե դիտարկենք առաջին 3-4 ամիսների կտրվածքը, նախորդ տարվա համեմատությամբ` պարենի համաշխարհային կազմակերպության գների ինդեքսը նվազել է 20 տոկոսով, նույնպիսի նվազում կա հացահատիկի պարագայում, բուսական յուղի, և միակ պարենամթերքը, որն աճ է արձանագրել, շաքարն է, մնացած բոլոր դեպքերում ունենք նվազում, սա գնաճի թուլացմանը նպաստող գործոն է:
Այս պահին գները բարձր մակարդակում են հանգստի, մշակույթի՝ 11.2, նաև ռեստորանային և հյուրանոցային ոլորտներում՝ 9 տոկոս:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԷՆ գլխավոր քարտուղար, տնտեսագետ) - Սա ավելի շատ արտաքին պահանջարկի, հիմնական ներգնա զբոսաշրջիկների, ռուս ռելոկանտների մեծ հոսքի հետ է կապված, որոնք, ինչպես գիտեք, մեծ թվով այժմ Հայաստանում են, և այս ոլորտում դեռևս պահպանվում են բարձր գնաճային սպասումներ, բարձր պահանջարկ:
Դեռ կորոնավիրուսից հետո առաջացած բարձր գնաճն այժմ գրեթե հաղթահարվել է, ընդգծում է Արմեն Քթոյանը: Ազդող գործոններից մեկն էլ կենտրոնական բանկերի, այդ թվում` Հայաստանի, դրամավարկային կոշտ քաղաքականությունն է:
Արմեն Քթոյան - Հայաստանյան գնաճը, ըստ էության, ներմուծված գնաճ է, և էդ ներմուծված գնաճի զսպման առումով կարևոր դերակատարում ունի նաև դրամի արժևորումը այլ երկրների արժույթների համեմատությամբ: Եթե վերցնում ենք, օրինակ, դոլարի համեմատությամբ այս տարվա ապրիլի մակարդակը, նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ` 17.5 տոկոսով արժևորվել է դրամը, դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում ներմուծվող ապրանքների վրա գնաճի թուլացման մասով 1/6-րդի չափով նպաստում կա:
Միայն ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 12-ամսյա գնաճը 3.2 տոկոս է: Սարգսյանը այս ցուցանիշը համադրում է զարգացած երկրների հետ:
Կարեն Սարգսյան - Համադրելի է ԵՄ մի շարք երկրների՝ Շվեյցարիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, նաև Ճապոնիայի հետ: ԵԱՏՄ երկրներից ամենացածր գնաճն է մեզ մոտ գրանցվել, և նաև ԵՄ ընդհանուր ցուցանիշը բավական բարձր է, և Հայաստանը ընդհանուր ԵՄ ցուցանիշից նույնպես բավականին ցածր դիրքում է:
Կենտրոնական բանկը արդեն այս տարվա վերջում ակնկալում է, որ գները կնվազեն թիրախավորված 4 տոկոսի մակարդակում: Մասնագետների կարծիքով՝ տարվա 2-րդ կեսին, եթե ֆորմսաժորներ չլինեն, դա տեսանելի կլինի:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան