Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը համալրվել է նոր ու ժամանակակից բուժսարքավորումներով: Ձեռք է բերվել հոլմիումային լազերային համակարգ: Հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքի պետը վիրահատարանում ցույց է տալիս նոր բուժսարքավորման առանձնահատկությունները: Իտալական արտադրության 150 վատ հզորությամբ լազերային համակարգի միջոցով հնարավոր է ավելի արագ և պացիենտին ավելի քիչ տրավմայի ենթարկելով՝ լուծել առողջական խնդիրները:
Վահրամ Հակոբյան (Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքի պետ) - Ամենահզոր համակարգերից է, որը կիրառվում է և միզաքարային հիվանդության ժամանակ, և նաև նույն շագանակագեղձի բարորակ էնդոսկոպիկ վիրահատման համար:
Գեղամ Փաշիկյան (ՀՀ Զու ռազմաբժշկական վարչության պետ) - Նոր սարքավորման միջոցով վիրահատությունները կատարելու արդյունքում մահճակալային ֆոնդն ազատ կպահենք, զինծառայողների բուժման ժամկետները զգալի կկրճատենք:
Հոսպիտալն այս պահին հագեցած է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ընթացքում են դրանք արդիականացնելու ծրագրերը:
Վահրամ Հակոբյան - Սա հնարավորություն է տալիս երիկամի քարերի էնդոսկոպիկ փշրում անել մինիմալ տրավմատիզացիայով:
Հոսպիտալի պետ Վահե Պետրոսյանի խոսքով՝ առաջիկայում կունենան նաև մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:
Բժիշկը ցույց է տալիս հոսպիտալի ամբողջ տարածքի՝ վերևից արված պատկերը: Կառուցվելու է պոլիկլինիկական ծառայության ամբուլատոր մասնաշենք: Նախագիծն ընթացքում է, ամռանը կսկսեն շինարարությունը:
Վահե Պետրոսյան (Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ) - Նախատեսվում է մասնաշենքը ամբուլատոր, պոլիկլինիկան այս մասում իրականացնել, պահեստային լրացուցիչ տարածքների շինարարություն է նախատեսվում, մեր հիմնական վիրաբուժական մասնաշենքի հարակից տարածքում առաջին հարկում անհետաձգելի բուժօգնության համար լրացուցիչ տարածքի շինարարություն է նախատեսվում, նաև ամբողջ տարածքի բարեկարգման ծրագիր է նախատեսված:
Շինաշխատանքները կարվեն փուլերով՝ չխաթարելու հոսպիտալի բնականոն աշխատանքը: Նախագծի ամբողջական իրականացմամբ՝ մտադիր են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը համապատասխանեցնել արդի չափանիշներին:
Վահե Պետրոսյան - Ամբուլատոր հոսքը երբ կենտրոնանում է դրա համար նախատեսված մասնաշենքում, այդ ժամանակ ստացիոնարի հոսքի թեթևացման, ավելորդ անձանց մուտք ու ելքի սահմանափակման արդյունքում ունենում ենք ստացիոնարի հիվանդների բուժման որակի էլ ավելի բարելավում:
Գեղամ Փաշիկյան - Ամբողջ կենտրոնական հոսպիտալի տարածքում բարեփոխման աշխատանքներ են կատարվելու, նոր շենք-շինություններ են կառուցվելու, զուգընթաց` նոր շենքերն ու կաբինետները կհամալրվեն նոր սարքերով:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակառուցումը նախատեսված է ավարտել 2024-ին: