Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին արդարացնելու մասին որոշում է կայացրել: Այդ մասին հայտնում է «Արմենպրեսը»:
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 17-ին քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել էին ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ էին հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի հետևանքով վերջինս կորցրել էր գիտակցությունը:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել էր ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, որը քաղաքացի Իգոր Խաչատուրովն էր՝ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին:
Վերջինս ձերբակալվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր:
Իգոր Խաչատուրովը կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել։