«Լեքսուս» մակնիշի այս ավտոմեքենան արտաքինից ամբողջությամբ վնասվել է՝ ներկն այլևս վերականգնման ենթակա չէ: Ի՞նչն է քայքայել սև գույնն ու մեքենայի ձախակողմյան հատվածում երևան հանել մետաղը՝ հարցը նախաքննությունը ուղղել է մասնագետներին:
Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում այս տեսակ նյութի հետ մինչև վերջերս չէին առնչվել: Նյութագետն ասում է՝ երկար ժամանակ պահանջվեց ու հարուստ գրականություն, որ պարզեն, թե ի՛նչն է դարձել քայքայման պատճառ:
Ստելլա Մելիքյան (ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոնի նյութագետ, փորձագետ) - Ավտոմեքենայի նյութը ուղղակի պոկվել է մետաղի մակերեսից, երևում է, որ այն քիմիական ազդեցության է ենթարկվել, ինչպես տեսնում եք՝ ամբողջությամբ վնասվել ու քայքայվել է ավտոմեքենայի ներկածածկույթը, վրայի առկա սպիտակ նյութի հետքերը հենց այդ նյութի ազդեցության հետևանքով առաջացած ու դեռևս չփոխազդած միացություններ են:
Նախ՝ լաբորատոր պայմաններում, ապա նաև՝ կենտրոնի նոր սարքավորումների միջոցով հետազոտությունը արդյունք տվեց: Առաջին գործը մոտ երկու ամիս առաջ եկավ իրենց մոտ, ըստ Մելիքյանի, «Նիսսանի» վնասում էր, հետո նման՝ դիտավորյալ վնասման դեպքերի թիվն ավելացավ, ու ամեն հաջորդին պարզվեց՝ քայքայիչ նյութը նույնն է:
Ստելլա Մելիքյան - Դիտավորությամբ ավտոմեքենայի ներկածածկույթը վնասում են, հաշվի առնելով այն փաստը, որ բաղադրության մեջ մտնում են պարաֆինային ածխաջրածիններ, դրանք կարողանում են երկար ժամանակ մնալ ավտոմեքենայի ներկածածկույթի մակերեսին և աստիճանաբար ազդել, ամբողջությամբ հեռացնել մետաղի մակերեսից:
Նոր երևույթը, ըստ մասնագետի, հավանաբար ինքնաշեն եղանակով ստացվող նյութի հետևանք է: Հստակ ասել նյութագետը դժվարանում է, բայց առանց կասկածի տալիս է նախաքննությանը հուզող հարցի պատասխանը:
Ստելլա Մելիքյան - Կոնկրետ այս դեպքում բացահայտել ենք, որ էստեղ առկա են պարաֆինային ածխաջրածիններ և քլորօրգանական միացություններ, գրականությունից ևս հայտնի է, որ նման միացություններ կարողանում են ներկածածկույթը ամբողջությամբ մաքրել ավտոմեքենայի մակերեսից, և բացահայտվել են դրանց առկայությունը:
Նախկինում կենտրոնը նման գործերի չէր հանդիպել՝ նշում է փորձագետը: Նկատում է՝ քիմիական նյութը վնասել է նաև լուսարձակները, անվադողերը, բայց չի ազդել դիմապակու վրա, ինչից էլ հնարավոր է եղել ստանալ նաև բուն նյութի փորձանմուշը: