Մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովվածության հարցը կառավարությունը լուծում է բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով:
Արտակ Հարությունյան (ՀՀ ԱՍՀՆ Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ) - Կառավարությունը դեռևս 2019-ին ընդունել է որոշում, որով մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովվածության խնդիրն է լուծվում՝ ԲԳՎ-ներ տրամադրելու միջոցով: 2019-ից 1.9 մլրդ դրամ հատկացվել է այս նպատակի համար, և այդ գումարը փոխանցվել է 4 նոտարների դեպոզիտային հաշիվներին:
Ծրագիրը նախատեսված է մանկատան շուրջ 300 շրջանավարտի բնակարանային ապահովվածության խնդիրը լուծելու համար:
Արտակ Հարությունյան - Այս պահի դրությամբ նախարարությունը ԲԳՎ տրամադրել է 286 շահառուի, որոնցից դեռ կան շահառուներ, ովքեր չեն գնել իրենց հատկացվող բնակարանը:
286 շահառուից 60-ը մանկատան սաներ են, այսինքն՝ այնտեղ առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն են ստացել: 1 ԲԳՎ-ի արժեքը 6.3 մլն դրամ է, ընդ որում՝ եթե շահառուն ավելի ցածր գնով է բնակարան ձեռք բերում, գումարի տարբերությունը փոխանցվում է նրա հաշվին:
Արտակ Հարությունյան - Ընտրում է բացառապես շահառուն, գործարքը կատարվում է նոտարի մոտ, և գնված բնակարանը չի վաճառվում 2 տարի ժամկետով, հնարավոր չի օտարել, դա պայման է:
Նախարարությունը հետևում է յուրաքանչյուր շահառուի հետագա քայլերին: Գրանցվել է 7 դեպք, երբ շահառուն վաճառել է իրեն հատկացված բնակարանը, բոլոր դեպքերն էլ՝ գնելուց 2 տարի հետո:
Արտակ Հարությունյան - Կան նաև դեպքեր, երբ բնակարան ձեռք բերելուց ու վաճառելուց հետո մանկատան շրջանավարտը պետության նկատմամբ նոր բնակարանի պահանջ է բարձրացրել:
Համացանցում պարբերաբար տարածվում են Հայաստանի մանկատներից մեկի շրջանավարտին օգնելու մասին կոչ-գրառումներ: Նշվում է, որ երիտասարդը ապրելու տեղ չունի, գիշերում է Երևանի փողոցներում: Սակայն ԱՍՀ նախարարությունը պնդում է՝ անձը պետությունից վկայագիրը ստացել ու ձեռք է բերել բնակարան:
Արտակ Հարությունյան - Անձը դեռևս 2020-ին ստացել է ԲԳՎ, որով 4.5 մլն դրամով ձեռք է բերել բնակարան, տարբերությունը՝ 1.8 մլն դրամը, կանխիկ ստացել է, այսինքն՝ պետություն իր մասով է պարտքը կատարել է:
Սահմանված ընթացակարգով՝ գույքի սեփականատիրոջ և գնորդի՝ մանկատան շրջանավարտի միջև կնքվել է բնակարանի առուվաճառքի պայմանագիր, որը վավերացրել է նոտարը: Տունը գտնվում է Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանում: Սրանք տան լուսանկարներն են: Նախարարությունից պնդում են՝ գնելիս տունը կտուր ուներ, հիմա՝ ոչ, սակայն միայն բնակության պիտանի լինելու դեպքում է հնարավոր գնումն իրականացնել:
Արտակ Հարությունյան - Կա բնակարանը, պարբերաբար բոլորի մասով հարցումներն ուղարկում ենք Կադաստրի կոմիտե, վերջին ուղարկած տեղեկատվությամբ հաստատվել է, որ բնակարանը պատկանում է մանկատան շրջանավարտին:
Նախարարությունից վստահեցնում են՝ մինչև բնակարանի գնման կազմակերպումը, քաղաքացուն բազմիցս առաջարկվել է բնակտարածք՝ նախարարության ենթակայության ներքո գտնվող սոցիալական բնակարաններում, ինչից վերջինս հրաժարվել է: Մերժել է նաև աշխատանքի առաջարկները՝ նախընտրելով ապրել դրսում։ Սոցիալական հարթակներում ակտիվ երիտասարդը հարցազրույցի մեր առաջարկը մերժեց: